Բաժիններ՝

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան մտահոգություն են հայտնել ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև կնքված համաձայնագրի առնչությամբ

Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հյուսիսային Կորեա այցի ընթացքում այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագրի առնչությամբ։

Կորեայի Հանրապետության արտգործնախարար Չո Թhե Յոլը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել են, որ ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն, իբր, սպառնալիք է ներկայացնում իրենց պետությունների անվտանգության համար։

«Կողմերը կարծում են, որ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի միջոցով Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմական ու տնտեսական համագործակցության ամրապնդումը լուրջ սպառնալիք է Կորեական թերակղզու և տարածաշրջանի խաղաղության ու կայունության, ինչպես նաև Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի անվտանգության նամար», – Կորեայի Հանրապետության արտգործնախարարության հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Վաշինգտոնում «ակտիվորեն քննարկում են» զանազան տարբերակներ՝ արձագանքելու «Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից մոլորակի և Կորեական թերակղզու խաղաղությանն ու կայունությանն ուղղված սպառնալիքներին»։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան նույնպես անհանգստություն է հայտնել ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի առնչությամբ: Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ նախարարն ասել է, որ դա վնասում է տարածաշրջանի իրադրությանն անվտանգության ոլորտում, «որը լուրջ մտահոգություն է առաջացնում»։

Ըստ արտգործնախարարի՝ Տոկիոն հետևելու է Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև հարաբերությունների զարգացմանը, որը «կարող է ազդել Ճապոնիայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վրա»:

Հունիսի 19-ին ՌԴ-ն և ԿԺԴՀ-ն ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը ենթադրում է պաշտպանական պատերազմի դեպքում ռազմական օգնության անհապաղ տրամադրում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոր համաձայնագիրը Հարավային Կորեայի անվտանգության համար անհանգստության պատճառ չի հանդիսանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս