ԱՄՆ-ն նախկինի պես թույլ չի տալիս իր զենքով հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին. Բայդեն
Միացյալ Նահանգների վարչակազմը հավանություն չի տվել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին իր զենքով հարվածներ հասցնելուն․ այդ դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ մամուլի ասուլիսում։
Վերջերս Բայդենը փոխել էր իր դիրքորոշումը և թույլ էր տվել, որ Կիևն ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածներ հասցնի ռուսական թիրախներին ուկրաինական Խարկովի մարզի մերձակայքում, որտեղ վերջերս ինտենսիվ մարտեր են ընթանում։
«Խելամիտ է այն, որ Ուկրաինան կարողանա ոչնչացնել կամ հակազդել այն ամենին, ինչը գալիս է այդ սահմանով։ Հեռահար զենքերի առումով մենք մեր դիրքորոշումը չենք փոխել», – ասել է ԱՄՆ ղեկավարը։
Օրեր առաջ Գերմանիան ևս հայտարարել էր, որ գերմանական զենքը կարող է օգտագործվել Խարկովի մարզի շրջանում Ռուսաստանի Դաշնության հարձակումներից պաշտպանվելու համար:
Բայդենի և Զելենսկիի հանդիպումը տեղի է ունեցել Իտալիայում G7-ի գագաթնաժողովի ընթացքում․ կողմերը 10 տարով պաշտպանական համագործակցության համաձայնագիր են կնքել։