Հրազդանի կիրճին տրվելու է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ . Երևանի քաղաքապետարան
Հրազդանի կիրճում մաքրվում և ընդլայնվում է գետի հունը: Տասնամյակների աղբն ու տիղմը դուրս է բերվում՝ թողունակությունը մեծացնելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Տիղմ էր հավաքված՝ հողային զանգված, որի պատճառով նեղացել էր գետի հունը, ջրի թողունակությունը փոքրացել էր 60-70 տոկոսով: Այժմ հունը բացում, մաքրում ենք»,- նշել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Երևանի քաղաքապետարանն այս տարվա ծրագրով նախատեսում է մոտ 9000 խմ աղբ տեղափոխել: Առայժմ աշխատանքները մեկ կետում են ընթանում: Տեխնիկան աշխատում է հենց գետի մեջ:
«Մայիսի վերջից սկսել ենք աշխատանքները: Միաժամանակ, 12-14 միավոր տեխնիկա է այստեղ աշխատում, և արդեն 100-150 մ մաքրել ենք»,-ասել է աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարը:
«Ընտրվում են ամենախոցելի, ամենաբարդ հատվածները, որտեղ ջրի մակարդակը կարող է բարձրանալ և տարատեսակ լուրջ խնդիրներ առաջացնել: Ամբողջ երկայնքով գետը մաքրելու համար անհրաժեշտ է մի քանի տարի»,-շեշտել է Կարոյանը:
Հրազդանի կիրճը Երևանի բնական համակարգի ամենակարևոր հատվածն է: Քաղաքապետարանը մտադիր է փոխել նաև Հրազդանի կիրճի կարգավիճակը՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք: Այդ առումով կենսաբազմազանության մասնագիտական ուսումնասիրությունները սկսվել են դեռ նախորդ տարեվերջին:
«Ճշտելով փաստացի իրավիճակը՝ պատրաստելու ենք կառավարության որոշում, որով կիրճին տրվելու է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ: Դրանից հետո հողերի նշանակությունը կփոխվի, կդառնա բնապահպանական և նոր կառուցապատումներ կիրճում տեղի չեն ունենա»,-նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը: