Բաժիններ՝

Կառավարությունը նախատեսում է ժամանակավոր կամուրջներ կառուցել աղետի գոտում

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից ամենաշատը տուժած Քարկոփ բնակավայրում վերականգնողական լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։

Ալավերդու համայնքապետարանում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Քարկոփում արդեն 4-րդ օրն է՝ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում փրկարարների, կամավորների և համայնքային գործընկերների կողմից»,- ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ հանրապետության տարբեր համայնքապետարանների ներկայացուցիչներ իրենց շինարարական տեխնիկաներով պարբերաբար գալիս են Ալավերդի, մասնակցում վերականգնողական աշխատանքներին։

Տուժած համայնքների մեծ մասում վերականգնվել է գազամատակարարումը, ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը։

«Ունենք երկու հետիոտնային կամուրջ, որոնցից հատկապես Ախթալայի հետիոտնային կամուրջը շատ օգտակար է»,- նշեց նախարարը։

Նա շեշտեց, որ տարբեր գործընկերների հետ են աշխատում, որպեսզի փորձեն կառուցել ժամանակավոր կամուրջներ, որոնք գոնե թեթև մարդատար մեքենաների համար անցանելի կլինեն։ «Այս ուղղությամբ մոտ օրերս ակնկալում ենք լուծումներ։ Եթե այլ գործընկեր երկրներում նման հավաքովի ժամանակավոր կամուրջներ գտնենք, մեր գործը զգալիորեն կհեշտանա։ Եթե գործընկեր երկրներում չգտնենք, որոշ մտքեր կան, թե ինչպես տեղի ուժերով կարող ենք ունենալ ժամանակավոր կամուրջներ»,- մանրամասնեց Սանոսյանը։

Անդրադառնալով հեղեղումների հետևանքով փլուզված կամուրջները վերականգնելու խնդրին՝ Սանոսյանն ասաց, որ այս պահին գնում է գույքագրման պրոցես, որոշակի նախնական մտքեր ու չափումներ կան, թե ինչպես պետք է դրանք կառուցվեն, նույն տեղերում պետք է կառուցվեն, թե այլ տեղերում ու այլ բարձրություններով։

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է ակտիվորեն գնահատել շենք-շինությունների կրած վնասները։

Առողջապահության նախարարության, տեսչական մարմինների, էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն աջակցում են թե՛ գույքագրման աշխատանքներին, թե՛ քայլեր են ձեռնարկում անկած կենդանիների մարմինները համապատասխան կանոններով և նորմերով հեռացնելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս