Արցախում ամեն ինչ կորցրել եմ. դիրքերում եմ եղել, կոմբատը զանգել-ասել է՝ իջեք, դուրս ենք գալիս, ամեն ինչ ծախված է. Արցախից բռնի տեղահանված
2023 թվականի սեպտեմբերի 19-ից սկսած Ադրբեջանն արցախահայերին ցեղասպանության սպառնալիքի տակ սկսեց իրենց բնօրրանից բռնի տեղահանել։ Մոտավորապես 10 ամիս Արցախը պահելով տոտալ շրջափակման մեջ՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական գործողություններ սկսեց Արցախում, որից հետո սկսվեց էթնիկ զտումը։
Իսկ ռազմական գործողությունների արդյունքում սպանվեցին նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։
Արցախահայերը, բռնի տեղահանվելուց հետո, եկան Հայաստան։ Կորցրել էին ամեն ինչ, շատերը նույնիսկ չէին կարողացել իրենց հետ հագուստ վերցնել։ Հայաստանում նրանք ամեն օր բախվում են սոցիալական տարբեր խնդիրների, որոնցից գլխավորն այն է, որ մեծ մասը չի կարողանում տուն կամ բնակարան գտնել։
Արցախից բռնի տեղահանված 51-ամյա Նելսոն Հարությունյանն այս ամիսների ընթացքում չի կարողացել տուն գտնել, մի քանի առաջարկ եղել է, սակայն դրանց վարձն այնքան բարձր է եղել, որ ստիպված հրաժարվել է։
Արցախի Մարտունի քաղաքից տեղահանված Նելսոն Ստեփանյանն ազատամարտիկ է, ծառայել է աշխարհազորայինում, ունի հաշմանդամություն։
Նախորդ տարվա սեպտեմբերից հաստատվել է Մասիս քաղաքի թիվ 4 մանկապարտեզի շենքում, սակայն օրերս մանկապարտեզի տնօրենը նրան և նրա հետ այդ շենքում հաստատված մոտ 20 արցախցիների ասել է, որ մայիսի 25-ին պետք է ազատեն շենքը։
«Մեզ մանկապարտեզի տնօրենն ասել է, որ պետք է արդեն դուրս գանք։ Նախկինում մանկապարտեզում ապրում էինք մոտավորապես 70 հոգով, որոշ մարդիկ դուրս եկան, գնացին վարձով ապրեցին, հիմա մոտավորապես 20-25 հոգի դեռևս մանկապարտեզում ենք։
Չգիտեմ, ծանր վիճակ է, եթե գաք, ամեն ինչ ձեր աչքով կտեսնեք։ Ես դիմել եմ Մասիսի քաղաքապետարանին, այնտեղ տեղյակ են իրավիճակին, չգիտենք՝ ինչ կանեն։ Փոխքաղաքապետն էլ ասել է, որ համբերենք, որովհետև ժամկետը մինչև մայիսի 25-ն է, մինչև այդ հույս ունենք, որ մի բան կանեն։
Եթե մեզ դուրս հանեն, մենք այլ տեղ չունենք գնալու, եթե այլ տեղ առաջարկեն, շատ լավ կլինի, գնանք մնանք, մինչև տեսնենք՝ սրա վերջն ինչ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նելսոն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այս պահին միայնակ է, աշխատանք չունի, քանի որ հաշմանդամություն ունի, եթե մանկապարտեզի շենքից դուրս հանեն, ապա ստիպված դրսում է գիշերելու։ Ունի մեկ քույր, որն իր բազմանդամ ընտանիքի հետ է ապրում։
«Չգիտեմ՝ մեր վերջն ինչ է լինելու։ Ինքս աշխատանք չունեմ, մեզ հետ մի քանի հոգի կան, որ մեքենա ունեն, տաքսի են վարում ու մի կերպ իրենց ընտանիքը պահում են։ Աշխատանք չունեմ, ի վիճակի չեմ վարձով ապրել, հաշմանդամության համար 40 հազար դրամ եմ ստանում, ինչպե՞ս դրանով դեղերս առնեմ ու վարձ տամ, չեմ կարող։ Այս պահին ձեռքիս միայն 1000 դրամ է, որ պետք է մի քանի օր հարց առնեմ։
Լսողության հետ էլ խնդիր ունեմ, դիմել եմ Սոցապ նախարարությանը, որ գոնե լսողական սարք տան։
Մարդ կա, որ գնացել էր վարձով ապրի, բայց քանի որ պետության կողմից գումար չեն ստացել, վարձը չեն կարողանում տալ, դրա համար ուզում են վերադառնալ մանկապարտեզ»,- հավելեց նա։
Նելսոն Հարությունյանը խոստովանեց, որ վատ է զգում, երբ օգնության խնդրանքով դիմում է բոլորին, բայց այլ ելք չկա, քանի որ Արցախում կորցրել է ամեն ինչ, միայն երկու շոր է տանից վերցրել ու մի կերպ հասել Գորիս, այնտեղից էլ՝ Մասիս։
«Մարտունու քաղաքապետի հետ դիրքերում էինք, աչքիս առաջ զոհվեց… Այդ օրը 5 հոգի զոհ ենք տվել, խրամատի կողքին ընկերս մահացավ, բայց մենք կանգնած էինք, ուզում էինք մեր հողը պահեինք, ուղղակի պետք էր օգնություն, որը չկար։
Ինքս դիրքերում եմ եղել, որ մեր կոմբատը զանգել-ասել է՝ դիրքերից իջեք, մենք այստեղից դուրս ենք գալիս, որովհետև ամեն ինչ ծախել են։ Դիրքերից իջա տուն, երկու շոր վերցրեցի, տունս անճարությունից ցրիվ տվեցի ու մի կերպ հասա Ստեփանակերտ, այնտեղից՝ Գորիս, հետո՝ Մասիս։
Երկու գիշեր ուրիշների մեքենայի մեջ եմ քնել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Չնայած բոլոր դժվարություններին, նա լիահույս է, որ կլինեն իրեն աջակցող մարդիկ, որպեսզի գոնե դրսում չմնա
Հ. Գ. Նելսոն Հարությունյանի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել նրան, հեռախոսահամարը՝ 098-25-21-84: