Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ ոստիկանության կենտրոնական ապարատը մարզային բաժանմունքներից ցուցակներ է պահանջել՝ կոնկրետ թիվ եւ ոստիկանների անուններ, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում աչքի են ընկել բռնարարքներով եւ չեն խորշում բռնություններ գործադրելուց: Բայց չեն մանրամասնել, թե ինչու։
Ենթադրվում է, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը որոշել է ժողովրդի դեմ դուրս գալ` գերազանցելով բոլոր նախորդներին, եւ բռնություններ գործադրելով՝ ճնշել ժողովրդական շարժումը:
Մինչդեռ անգամ Վովա Գասպարյանը, Ալիկ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը եւ մյուս ոստիկանապետերը` ինչքան էլ հավատարմորեն ծառայել են ժամանակի իշխանություններին, ժողովրդական ընդվզումների ժամանակ ինչ-որ սահմաններ աշխատել են չխախտել:
Իջեւանցի Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու՝ ծառայել իր զեմլյակին եւ ամեն գնով պաշտպանել երկիրը դանդաղ հանձնելու նրա քաղաքականությո՞ւնը, թե՞ ժողովրդի կողմն անցնել։
Ի դեպ, երեկ իշխանական շրջանակներում խոսում էին, որ առաջիկա օրերին հնարավոր են ռուսական ազդեցության գործիչների ձերբակալություններ, որ հանրությանը ցույց տան, թե այս նոր շարժումն ուղղորդվում եւ կառավարվում է ռուսների կողմից»: