Բաժիններ՝

Իսրայելը մտահոգված է ՄՔԴ-ի կողմից երկրի ղեկավարների նկատմամբ ձերբակալման հնարավոր հրամանների առնչությամբ․ Reuters

Իսրայելը մտահոգություն է հայտնել այն տեղեկությունների առնչությամբ, որ Միջազգային քրեական դատարանը կարող է երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու հրաման տալ՝ կապված Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ՄՔԴ-ն, որը կարող է անձանց մեղադրել ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության մեջ, հետաքննում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հոկտեմբերի 7-ի հարձակումն Իսրայելի վրա, որի հետևանքով 1200 մարդ է զոհվել, և Իսրայելի ավերիչ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, որի զոհերի թիվը գերազանցել է 34 400-ը։

Իսրայելի լրատվամիջոցներում օրերս տարածվել էին տեղեկություններ, որ ՄՔԴ-ն կարող է շուտով երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման հրամաններ տալ Գազայի հատվածում միջազգային մարդասիրական օրենքի հնարավոր խախտումների համար։ Երկրի արտգործնախարար Իսրայել Կացը ապրիլի 28-ին ՄՔԴ-ին նման որոշում կայացնելուց զերծ մնալու կոչ է արել։

Ավելի վաղ Նեթանյահուն էր հայտարարել, որ ՄՔԴ-ի նման որոշումը չի ազդի Իսրայելի գործողությունների վրա, սակայն «վտանգավոր նախադեպ կդառնա»։

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ ՄՔԴ-ն նաև դիտարկում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին ձերբակալելու հրամաններ տալու հարցը։

Իր հերթին Հաագայում Le Monde պարբերականի աղբյուրը հաստատել է, որ շուտով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու հրամանը կարող է ընդունվել, սակայն նա չի նշել ներգրավված անձանց անունները։

Ըստ The New York Times-ի աղբյուրների՝ Իսրայելի ղեկավարներից մի քանիսը մտավախություն են հայտնել, որ Նեթանյահուն նույնպես կարող է լինել այդ ցանկում։ Իսրայելական ԶԼՄ-ները շոշափել են նաև պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և Գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևիի անունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930