Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց
Սուրեն Սուրենյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցին՝ նշելով. «ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է Մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին արժանահավատ տեղեկություններ են ստացել, երկրում շարունակվել են կամայական ձերբակալություններն ու կալանքները, լրջագույն խնդիրներ կան դատական իշխանության անկախության հետ կապված:
Միանգամայն օբյեկտիվ զեկույց է ու վստահաբար կարելի է պնդել, որ հաջորդ տարվա զեկույցը շատ ավելի խիստ է լինելու՝ հաշվի առնելով իշխանությունների այն կամայականությունները, որոնք տեղի են ունենում հենց այս օրերին, ժամերին:
Մյուս կողմից, գոյություն ունի մեդալի հակառակ կողմը:
Արևմտյան մայրաքաղաքներում հռչակագրային արձանագրումներ են կատարում Հայաստանի իշխանության ավտորիտար և կոռուպցիոն դրսևորումների մասին, սակայն գործնականում աչք են փակում դրա վրա, նույնիսկ խրախուսում են դրանք: Համենայն դեպս, այս պահին Փաշինյանը «մահակը» երկրի ներսում օգտագործում է՝ Արևմուտքում «օրհնված» սցենարներ կյանքի կոչելու համար:
Պատահական չէ, որ ինքս մի քանի անգամ արձանագրել եմ, որ Բրյուսելի ապրիլի 5-ի եռակողմ հանդիպմանը դիմադրողականության «պրյանիկ» ոչ թե Հայաստանը, այլ Նիկոլ Փաշինյանն է ստացել: Ու հենց դրանից հետո Փաշինյանի իշխանությունը որքան զիջող դարձավ Ադրբեջանի հետ հարաբերություններում, այնքան էլ սանձարձակ երկրի ներսում, երբ մահակի «քաղցրությունը» սկսեցին ճաշակել անգամ շարքային քաղաքացիներ, ովքեր պարզապես հանդգնել են կառավարությունից տարբերվող տեսակետներ ունենալ:
Գուցե Վաշինգոնի կամ արևմտյան այլ կենտրոնների նման զեկույցները Փաշինյանին քաղաքականությունը վերահսկող «կոմպրոմատի» ազդեցություն ունեն, սակայն մեր արևմտյան գործընկերներին պետք է, անշուշտ, հուզի նաև մեր հասարակության կարծիքը:
Ի վերջո, Փաշինյանը ռեպրեսիվ մեքենան գործի է դնում նաև Արևմուտքի անունից ու «ռուսական «5-րդ շարասյան» պիտակը կպցնում է բոլոր ընդդիմախոսներին ու այդ վարքագիծը հաճախ խրախուսվում է Արևմուտքի, նրա գրանտներից սնվող հայաստանյան արբանյակների կողմից:
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ:
Ժամանակին նույն սխալը Հայաստանում արել է Ռուսաստանը՝ մեր երկրում ասոցացվելով ուժերի հետ, ովքեր իրականում անդառնալի վնաս են հասցրել հայ-ռուսական հարաբերություններին:
Արևմուտքը գնում է նույն ճանապարհով. մի կողմից, հռչակագրային մակարդակում խոսում է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության մասին, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական շահերից ելնելով, դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը»»: