«Կարո՞ղ է ցեղասպանության զոհերի թիվը 1,5 միլիոնից քիչ է կամ շատ». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ վերահաստատեց «Ազատության» եթերում հնչեցրած իր հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի անուններն ամբողջացնելու վերաբերյալ։

«Սա պարզ նպատակ ունի, որպեսզի իմանանք մենք 1,5 միլիոն հայրենակիցների հասցեները, տեղերը, մենք մինչև հիմա չունենք։ Օրինակ, 1,5 միլիոնից ավելի շատ է կամ քիչ է, մինչև հիմա մեր երկիրն ինչո՞ւ այդ խնդիրը չի հասցեականացրել, հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվում։ Սա շատ կարևոր է նաև ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար։ Ուզում եմ ասել, որ դրանից վատ մի զգացեք»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ իշխանական պատգամավորի, զոհերի անունների ամբողջականացնելն առաջին հերթին Հայաստանին է պետք։

«Բնականաբար, մինչև մեր անկախ պետություն ունենալը՝ դա պետք է անեին քաղաքական կուսակցությունները, եկեղեցին, սփյուռքի կառույցները, Ցեղասպանության թանգարանից բացի, պետք է լինեն նաև մեր նահատակված ժողովրդի անուն-ազգանունները։ Սա շատ կարևոր աշխատանք է, պետք է արվի, և ակնկալում եմ, որ դուք էլ այդ աշխատանքին պետք է մասնակցեք»,- խոսքն ուղղելով լրագրողներին՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ մինչև հիմա մենք այդ անվանական ցանկը չենք կարողացել հավաքել, ուստի պետք է կենտրոնանալ այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար:

«Ունենք թանգարան, ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ունենք՝ գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց, ամենակարևորը, պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները, որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային։ Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել։ Հիմա պետք է կենտրոնանանք։ Հենց իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը նաև Ցեղասպանության բացթողումը դարձնել իրականություն։ Պարզ է չէ՞, որ եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել և Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով»,- հավելել է իշխանական պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս