Ֆրանսիան մեղմել է դիրքորոշումը Թուրքիային SAMP/T ՀՕՊ համակարգի վաճառքի հարցում. Reuters

Ֆրանսիան մեղմել է դիրքորոշումը և բաց է Թուրքիային ֆրանս-իտալական SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգի հնարավոր վաճառքի հարցում՝ տարիներ տևած դիմադրությունից հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հարցին քաջատեղյակ հինգ աղբյուրների։

SAMP/T-ն, որը հայտնի է նաև որպես Mamba, միակ եվրոպական արտադրության համակարգն է, որը կարող է միաժամանակ հետևել տասնյակ թիրախների և որսալ բալիստիկ հրթիռներ։ Այն հաճախ է համեմատվում ամերիկյան Patriot համակարգի հետ և համարվում է դրան ամենամոտ եվրոպական տարբերակը։

Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան 2017-2018 թվականներին էին սկսել համագործակցել հեռահար օդային պաշտպանության ծրագրի շուրջ, այդ թվում՝ ուսումնասիրելով համատեղ մշակման և արտադրության հնարավորությունները։ Նախագիծը, սակայն, կանգ էր առել, երբ Փարիզի և Անկարայի հարաբերությունները վատթարացել էին Սիրիայի, Լիբիայի, ինչպես նաև Հունաստանի և Կիպրոսի միջև վեճերի պատճառով։ Այժմ, ըստ Reuters-ի, հարցը կրկին քննարկվում է Մելոնիի, Մակրոնի և Էրդողանի միջև։

«Այժմ, կարծես թե, բոլոր երեք կողմերից (Թուրքիա, Իտալիա, Ֆրանսիա) կա քաղաքական կամք, որպեսզի այս գործընթացն առաջ շարժվի», – ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Ելիսեյան պալատը, Reuters-ի հարցմանն ի պատասխան, չի հաստատել այս տեղեկությունը, պնդելով, թե դրանում կան «էական անճշտություններ»։ «Նախագահականը, սակայն, չի մատնանշել, թե որոնք են այդ անճշտությունները, և հրաժարվել է բացատրել դրանք», – նշում է գործակալությունը։

Թուրքիայի բանակը երկրորդ ամենամեծն է ՆԱՏՕ-ի անդամների շարքում, սակայն Անկարան խոցելի է հակաօդային պաշտպանության տեսանկյունից և մեծապես կախված է ՆԱՏՕ-ի համակարգերից ու կործանիչ ինքնաթիռներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031