«Ժողովուրդ» օրաթերթի գործով դատավորը Խաչիկ Խաչատրյանին շփոթել էր Խաչիկյանի հետ
«Ժողովուրդ» օրաթերթը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացնում է հատված դատական նիստից:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Ժողովուրդ» օրաթերթի դեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցադիմումը երեկ բավական թեթև մթնոլորտում քննվել է՝ նույնիսկ դատավորի «առողջության հաշվին»:
«Գուցե չկարողանանք երկար նիստ անել, կներեք, ես հարբուխ եմ, հրաբուխ»,-ասաց նախագահող դատավոր Ռուբեն Ափինյանը՝ հայտարարելով, որ բավարարում է «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի միջնորդությունը և լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը հանում է:
Դրանից հետո դատավորը սկսեց հարցուպատասխանի միջոցով պարզել, թե օլիգարխ Խաչիկ Խաչատրյանն ինչ չափով և որ բառերից է վիրավորվել:
Դատավոր. Խնդրեմ, ասեք, ինչ եք ուզում դատարանից, «Ժողովուրդ» օրաթերթից:
Խաչիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Հայկ Եգանյան. Զրպարտչական ենք համարում ԵԹՖ-ի կողմից ժամկետանց ձու վաճառելու, դրա պատճառով Խաչիկ Խաչատրյանին տուգանելու մասին արտահայտությունները. «Ժամկետանց ձվերի առաքումը հրահանգվել է իրացնել երեկոյան ժամերին»:
Դատավոր. Սրանք զրպարտություն են՝ ուղղված ո՞ւմ:
Հ. Ե. Խաչիկ Խաչատրյանին և ԵԹՖ-ին:
Դատավոր. Խաչիկ Խաչիկյանին տուգանելու հարցը համարում եք զրպարտությո՞ւն: Հրահա՞նգն էլ հասկացավ դատարանը:
Հ. Ե. Խաչիկ Խաչատրյան, հարգելի դատարան: Նաև ժամկետանց ձվերի մասը:
Դատավոր. Այո, բա որ այդ ձուն ժամկետի մեջ լիներ, հիմա այսքան բան կլինե՞ր: Բա որ ժամկետանց չլիներ, կուտեինք, կվերջանար, կգնար: Փաստորեն, զրպարտություն է, որ գիշերով, գյոզերով տարել, հանձնել են խանութներում: Հիմա գրողի տարած ժամկետանց ձվերի վեճն է այստեղ: Հիմա ես տեսնում եմ ձեր հայցով, որ գործարար համբավը երկու դրվագով է շոշափվում: Ասեք, որն է վիրավորանքը: Կարո՞ղ է դա էլ եք վրիպել: (Ընթերցում է հայցը, որտեղ չկա վիրավորանքի մասին որևէ բառ):
Հ. Ե. Վերջին մասը կարդացեք:
Դատավոր. Գրել եք, որ հեղինակը, Խաչիկ Խաչատրյանից ստանալով համապատասխան պարզաբանում, օրաթերթի վերջնամասում գրել է, թե «մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում»: Օրաթերթի վերջնամասն ի՞նչ է:
Հ. Ե. Հոդվածի վերջնամասում: Մենք մեր առարկությունների մեջ ուղղել ենք:
Դատավոր. Դե որոշում կայացրե°ք, որ վրիպակներն ուղղե°ք: Հիմա ասում եք. «մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում», այսինքնª լրագրողը մնացել է իր կարծիքին. սա վիրավորա՞նք է:
Հ. Ե. Մենք այդ արտահայտությունը դիտարկում ենք որպես Խաչատրյանին սուտ տվյալներ ներկայացնող:
Դատավոր. Էսպես անենք: Դուք գրել եք օրաթերթի վերջնամաս: Հիմա ենթադրենք, որ դա հոդվա՞ծը նկատի ունեք: Կամ որ ասում եք. վիրավորանք, հիմա էլի՞ ենթադրենք, որ նաև վիրավորանքի պահանջ եք ներկայացրել: Վիրավորանքի պահանջ չկա ներկայացված:
Հ. Ե. Մենք կավելացնենք:
Դատավոր. Դուք ենթադրում եք, որ օրաթերթը Խաչիկ Խաչատրյանին սուտասան է հանել: Նույն ձևով էլ ենթադրելով՝ հայցադիմումում պահանջ չեք ներկայացրել: Ձեզ մոտ ամբողջությամբ գնում է գործարար համբավ: Պատիվ-արժանապատվության հարց էլ չկա առաջ քաշած: Վիրավորանքի համար էլ չկա պահանջ, թե ինչքան տուգանք եք ակնկալում: Դատարանը ձեզ ինչքա՞ն ժամանակ տա, որ ներկայացնեք:
Հ. Ե. Դատարանի հայեցողությանն ենք թողնում: 1 օրն էլ բավական է:
Դատավոր. Լավ, է՛, վրիպակ թույլ կտաք: Դատարանը ձեզ ողջամիտ ժամկետ կտա:
Դատական նիստի ընթացքում «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչն ասաց, որ հայցադիմումում առկա պահանջները տարբերվում են առարկությունների մեջ գրված տեքստից: Նշանակում է, որ հայցվորը հայցապահանջը հստակեցրել է: Բայց ՀՀ քաղ. օրենսգրքի 32 հոդվածը նախատեսում է. եթե հայցվորը փոխում է հիմքն ու առարկան կամ պահանջի չափը, ապա կարող է փոխել: Հստակեցում տերմին գործողություն չունի օրենսգրքով:
Դատավոր. Հայցվոր կողմ, ի՞նչը պարզ չէր, որ ուզում եք փոխել:
Հ. Ե. Մեր պահանջը վերաբերում է «Ժողովուրդ»-ին և Սոնային, որպեսզի հերքի:
Դատավոր. Պահանջները որ գրում էիք, Սոնան վրիպել է: Հիմա հասկացել են, դրա համար պահանջը հստակեցնելով. ուղղել են: Վրիպակ է եղել:
Հ. Ե. Ենթադրենք:
Դատավոր. Հիմա ուղղել եք, պահա՞նջ եք ներկայացրել Սոնային:
Հ. Ե. Այո:
Հիշեցնենք, որ Խաչիկ Խաչատրյանը ընդհանուր հաշվով 6.2 մլն դրամ է պահանջում «Ժողովուրդ» օրաթերթից: