Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների շուրջ վիճաբանությունների հետևանքով սպանվել է 6 մարդ
Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին նախորդած օրերից մինչ ընտրության օրը այդ թեմայի շուրջ տեղի ունեցած վիճաբանությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են սպանվել և վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինչպես նշվում է թուրքական մեդիայում, մարտի 17-ից հետո նման վիճաբանությունների հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 63-ի, այդ թվում՝ մեկ ոստիկան:
Դեպքերի առթիվ որպես կասկածյալ մի շարք նահանգներում, շրջաններում և քաղաքաներում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 26 մարդ, այդ թվում նաև ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ: Նրանցից 2-ը կալանավորվել են:
Նշենք, որ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին, որոնցում ձայների 37.77 տոկոսով հաղթանակ է տարել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ):
Այդ ուժը 47 տարի անց առաջին անգամ է հայտնվում երկրում առաջատար կուսակցության դերում: