Եթե դու չես միանում ահաբեկչությունը դատապարտող ՀԱՊԿ-ի հայտարարությանը, Ադրբեջանին՝ ահաբեկչություն անելու, իսկ միջազգային հանրությանը՝ այն չդատապարտելու լեգիտիմ իրավունք ես տալիս. Վահե Հովհաննիսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Հայաստանում ստեղծված իրավիճակը ոչ թե 4 գյուղի խնդիր է, այլ մեկ հոգու խնդիր է, որը դեֆորմացրել է ողջ պետական համակարգը: Սա պետականության խնդիր է: Պետությունը դոմինոյի նման փլուզվելու է։ Ղարաբաղում մենք տեսանք, որ դա հնարավոր եղավ անել՝ փլուզել։ Վախենում եմ, որ մենք չկարողանանք լուծել ոչ միայն այդ 4 գյուղի խնդիրը, այլև հետագա 5-6 գյուղերի խնդիրը:
- Մենք այսօր ունենք մոլորված, ծայրաստիճան ատոմիզացված հասարակություն, հոգեբանորեն կորցրել ենք ամբողջական պետության գաղափարը: Էլիտաների խնդիրն է՝ ցույց տալ, թե ինչ է պետք անել պետությունը վերականգնելու համար։ Մենք այսօր ոչ ճիշտ բովանդակության պետություն ենք դարձել, էդ մարդը կարողացել է հասցնել դրան:
- Նիկոլը մենակ չէ, ունի ԱԺ խմբակցություն և ուժային համակարգ, լավ կազմակերպված քարոզչամեքենա, որի մեջ մտնում են լրատվամիջոցներ և քարոզիչներ, հիտլերյուգենտի մի համակարգ, որը պատրաստ է ամեն ստոր պատվերի: Կա նաև կոլաբորացիոնիստների մի խավ, որը թեև ցավ է ապրում, բայց մինչև վերջին պահն իրենց փոքր շահը գերադասելու է մեծ շահից։ Առաջին հայացքից անառիկ ամրոցի նմանվող իշխանական ռեսուրսն ամենևին էլ այդպիսին չէ, ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է ամեն ինչ շատ արագ փլուզել։ Այս իշխանությունը մեծանալու ռեսուրս չունի, կա միայն իշխանությունը պահելու խնդիր։
- Մենք այսօր ապրում ենք մեր մասին նկարահանված մի այլանդակ սերիալի իրականության մեջ, բայց միշտ վերջին սերիան ենք վերլուծում, հիմա սա ասում է՝ հողերը մերը չի և, չգիտես ինչու, մենք հիմա միայն դա ենք վերլուծում։ Պետք է նախորդ սերիաները նայել: Եթե բանակցություն է գնում, դու ինչի՞ ես հայտարարում, որ սա մեր տարածքը չէ։ Ինքը տապալել է մի քանի անգամ ժողովրդին հրամցրած ծրագրերը՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, Պրահայից հետո «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» խայտառակ «սուպեր իդեան» և հայտարարությունը, հիմա էլ տապալում է իբր խաղաղության բանակցությունը:
- Փաշինյանը տապալել է ամեն ինչ:
- Բանակցություն՝ նշանակում է միջնորդի միջոցով բանակցել, այնինչ միջնորդների մի քանի ֆորմատ մերժվել է։ Նոյեմբերի 9-ից հետո բանակցությունների ռուսական ֆորմատը մենք մերժեցինք: Կար 3+3-ի ֆորմատը, որը մենք մեկ՝ ողջունում ենք, մեկ էլ՝ ամեն ինչ անում ենք, որ այդ ֆորմատը տապալվի: Հետո գնացինք եվրոպական միջնորդությամբ ֆորմատով բանակցելուն, հիմա ո՞ւր են այդ եվրոպացի միջնորդները, որոնք պետք է Ադրբեջանի այսօրվա այլանդակ պահանջներին ասեն՝ չէ, դա ընդունելի չէ, և մենք երաշխավորում ենք խաղաղ բանակցությունների ֆորմատը: Մենք չունենք ո՛չ բանակցային ֆորմատ, և ո՛չ էլ միջնորդ։ Էս մարդը նաև այստեղ է խաբում։ Ադրբեջանն ասում է՝ պետք է այս հողերը զիջեք, պաշտոնական Երևանն անմիջապես հայտարարում է, թե դրանք մեր հողերը չեն․ ինչո՞ւ։
- Ընդամենը 1.5-2 տարի առաջ նույն ձևակերպումներով, փնթի բառապաշարով Փաշինյանը խոսում էր Արցախի մասին։ Այդ մեկ մարդու քարոզներն իրական և պատմական հայրենիքի մասին շատ վտանգավոր են։ Ինչո՞ւ է նման հայտարարություններ ու քարոզ անում։ Ակնհայտ է, որ Հայաստանի երեք նախագահները 1991 թվականից սկսած իրական պետության ղեկավարներ են եղել և իրական պետության համար են բանակցել։ Երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ», հենց իրական հայրենիքի մասին էր խոսում։ Այդ ժամանակ Փաշինյանն իր թերթում հսկայաքանակ հոդվածներ էր գրում Սերժ Սարգսյանի և նրա այդ ասածի դեմ: Հետո եկան իշխանության ու «Աղդամը մեր հայրենիքն է» ասելով՝ լուսանկարներ էին հրապարակում այս իշխանությունները:
- Պետություն-հայրենիք հակասությունը բոլոր դավաճանական իդեաներում է։ Հիմա պատերազմը եկել-հասել է քո մայրաքաղաքի մատույցներ, իսկ ինքը խոսում է իրական և պատմական հայրենիքի մասին։
- Երբ իշխանության ղեկավարը պետության փլուզման տրամաբանության մեջ է, ինքը կհասցնի դրան։
- Հիմա մեր խնդիրն է՝ հասկանալ՝ ինչ ունենք և ինչ ենք անում։ Ունենք ընդդիմություն, մեծ խումբ, որ հայրենիքի պաշտպանության համար պատրաստ է, ունենք եկեղեցի, մեդիա, մեր ռեսուրսը քիչ չէ, սակայն ինչ-որ բան պակասում է։ Բայց մենք ունենք նաև անտեր թողնված ժողովուրդ։ Պետք է խոսել 2021 թվականին Նիկոլ Փաշինյանին ձայն տված ընտրազանգվածի հետ։ Դա քաղաքական էլիտայի առաքելությունն է՝ տեր կանգնել ընտրազանգվածին և ժողովրդին, դրա համար պետք է ճիշտ խոսել նրանց հետ։ Մենք իրավունք չունենք մեղադրելու այն տավուշցուն, որը ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին։
- Պետք է դուրս գալ փողոց և Փաշինյանին ասել՝ դու տապալել ես ամեն ինչ, մենք էքսպերիմենտալ կենդանիներ չենք։
- Հայաստանում կան լուրջ մարդիկ, որ 1991 թվականից լուրջ դերակատարություն են ունեցել, ըստ իս՝ միայն ԱԺ խմբակցությունները, հին կուսակցությունները չեն կարող լուծել խնդիրը։ Մեզ այսօր ոչ թե լավ ընդդիմություն, այլ լավ ու խելացի իշխանություն է պետք։
- Մեր երկրին պետք է դեէսկալացիա, մենք մեր երկրի ներսում ապրում ենք թունավոր՝ տոքսիկ մթնոլորտում, մարդիկ չեն հասկանում՝ ում հավատան։ Մեզ պետք է երկրի ներսում դետոքսիկացիա կատարել։
- Եթե երկու տարի առաջ սա ընդուներ ՀԱՊԿ-ի աջակցությունը, գուցե Տավուշի այս գյուղերի խնդիրը չառաջանար, գուցե Ալիևը չպահանջեր դրանք հանձնել։ Մեզ պետք է ճիշտ բանակցելու ձևաչափ։
- Արցախում բոլոր ինստիտուտներով լիարժեք պետություն էին սարքել, եկար ջարդեցիր։
- Ակադեմիական քաղաքի և նման այլ ծրագրերով երկրում այլանդակ, ներվային մթնոլորտ է ստեղծում հասարակության շրջանում։ Պարտադիր հայտարարագրի պահանջը մտցնելը և նման 5-6 ծրագիր՝ նպատակը մեկն է, նյարդային իրավիճակ ստեղծել։ Սրա խնդիրը ներքին տոքսիկ մթնոլորտ ստեղծելն է ու այդպիսով իշխանությունը պահելն է:
- Մի իշխանություն, որը տապալել է բոլոր գործերը, մի իշխանություն, որը բերել է պատերազմ, Արցախի կորուստ և Երևանի անվտանգային խնդիր, ինքը ռեֆորմներ անելու իրավունք չունի՛։
- Հայաստանին պետք է նոր գաղափար, սահմանին և երկրի ներսում՝ դեէսկալացիա։ Հակառակ դեպքում իշխանություններն իրենց քարոզներով փլուզելու են պետությունը։
- Ինքը քանդում է պետականության ամբողջականությունը. սա խելագարություն է, սա պետք է վերջացնել։ Էդ մարդը Պրահայում լեգիտիմ իրավունք շնորհեց Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսելու։ 4 գյուղերը հանձնելուց հետո հաջորդ շաբաթ սկսելու է Վարդենիսից և մյուս գյուղերից։
- Հասարակության մեջ բաժանարար գծերը վերացնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր ունակ և սկզբունքային մարդիկ ստանան հնարավորություն, իշխանություն և հավաքվեն։ Այնպես, ինչպես 1800-ական թվականներին Անգլիայի թագավորը հայտարարեց, որ առանց ներքին հակասությունները հաշվի առնելու՝ ստեղծելու է տաղանդավոր և ունակ մարդկանց իշխանություն։ Մենք պետք է հետևենք այդ օրինակին և կհասկանանք, որ նույնիսկ պետական համակարգում կան իրավիճակը ճիշտ գնահատող և ունակ մարդիկ։
- Չգիտես՝ ինչո՞ւ, մենք ազգովի ուզում ենք լինել խաբված. Արևմուտքն ասում է, որ՝ ձեզ չեմ կարող երաշխավորել ձեր անվտանգությունը, բայց մենք ուզում ենք խաբված լինել ու պատրանքներով ապրել, թե Արևմուտքը մեր անվտանգությունը երաշխավորելու է։ Մինչդեռ այս իշխանությունը ժողովրդի գլխին կոնֆետի դատարկ թուղթ է կախել, և ժողովուրդն էլ սպասում է վիրտուալ այդ կոնֆետին։
- Մենք 3+3 ընդունել ենք պաշտոնապես, բայց եվրադիտորդներ ենք բերում։
- Եթե դու չես դատապարտում Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը ու չես միանում ահաբեկչությունը դատապարտող ՀԱՊԿ-ի հայտարարությանը, Ադրբեջանին ահաբեկչություն անելու լեգիտիմ իրավունք ես տալիս, իսկ միջազգային հանրությանը՝ այն չդատապարտելու իրավունք։
- Հայաստանի առջև դրվելու են բարոյական լուրջ պահանջներ, հաջորդը դնելու են Մատենադարանի հարցը, հետո՝ որոշ կուսակցություններ փակելու հարցը, դրանից հետո՝ դասագրքերի հարցը… Մեկ հոգին դեֆորմացրել է պետության գաղափարը և տանելու է այս գործընթացը մինչև վերջ, մինչև հասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք»։
- Հայաստանում չի կարող լինել այլ կառավարություն, բացի նոր, լուրջ կառավարությունից։
- Անհրաժեշտ է ընտրել հանրային ճնշման ճիշտ ձևաչափ։ Դա պետք է լիներ երեկ, նախորդ օրը, եթե շուտ անեինք, ապա այսօր Տավուշի հարցը չէր լինի։ Պետք է հասունացնենք նախավերջին պահը, որ վերջին պահը հասանելի լինի։ Մենք ունենք լծակներ։
Մանրամասները՝ տեսանյութում