Լրատվամիջոցները խանգարո՞ւմ են
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հարսնաքարի գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում պետք է հարցաքննվեր գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանը։ Նա նշեց, որ ցանկանում է ցուցմունքներ տալ, սակայն այս պահին դրան պատրաստ չէ։
Մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը նշեց, որ իր պաշտպանյալը պատրաստ է այսօր ցուցմունքներ տալ, սակայն միջնորդեց նրա հարցաքննությունն անցկացնել դռնփակ նիստի պայմաններում։ Ըստ. Ա.Լալայանի՝ որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրված են ներկայացրել մյուս ամբաստանյալների ցուցմունքները։
Մեղադրող Արթուր Դավթյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանը չի ներկայացրել անհրաժեշտ հիմնավորումներ։ Մեղադրողի կարծիքով, լրատվամիջոցների հրապարակումները ոչ մի կերպ չեն կարող ազդել դատարանի կայացրած վճռի վրա։
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ դատարանը ամբաստանյալների հարցաքննության ավարտից հետո պետք է քննարկի գործով նոր վկաներ ներգրավելու միջնորդությունը և վերջիններս լրատվամիջոցների հրապարակումներից կարող են ծանոթանալ նրանց ցուցմունքներին։
Դատարանը մերժեցց Ա.Լալայանի միջնորդությունը՝ նշելով, որ չկան այն բացառիկ հիմքերը, որոնց պայմաններում դատարանը կարող է դռնփակ նիստ անցկացնել։ Լալայանը այս անգամ միջնորդեց իր պաշտպանյալի ցուցմունքները չտեսաձայնագրել։ Ինքը՝ Արման Խաչատրյանը, ասաց, որ չի կաշկանդվում տեսախցիկների առջև ցուցմունքներ տալ. միայն ցանկանում է, որ իր իրավունքները պաշտպանեն։
Ստեղծված իրավիճակում ամբաստանյալը նշեց, որ այս պահին հրաժարվում է ցուցմունքներ տալ։ Գործով մյուս մեղադրյալները ևս չցանկացան ցուցմունքներ տալ այս պահին։ Գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ մեկ այլ գործով ծանրաբեռնված լինելու պատճառով։
Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 29-ին։