Գերմանական հեռուստատեսությունը բացահայտում է եվրոպացի պաշտոնյաների հսկայական կաշառումը Ադրբեջանի կողմից
Առաջին անգամ չէ, որ բռնատիրական Ադրբեջանը հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ արևմտյան պաշտոնյաներին միլիարդավոր դոլարների կաշառք տալու համար, որպեսզի անտեսվի իր սեփական բնակչության և արցախահայության մարդու իրավունքների զանգվածային խախտումները:
«Խավիարային դիվանագիտություն» եզրույթն ստեղծվել է հատկապես եվրոպական կառույցներում Ադրբեջանի կոռուպցիոն գործելակերպը նկարագրելու համար: Ցավոք, որոշ նույնքան կոռումպացված եվրոպացի պաշտոնյաներ հաճույքով գրպանել են Ադրբեջանի կողմից իրենց առաջարկված միլիոնավոր դոլարները:
«Ազդեցության և մանիպուլյացիայի այս բարդ ցանցը բացահայտված է գերմանական ARD հեռուստաընկերության «Am Abgrund» («Անդունդում») բեկումնային ֆիլմում։ Թեև ֆիլմը գեղարվեստական է, սակայն այն հիմնված է մի շարք հետաքննությունների վրա, որոնք կոչվում են «ադրբեջանական լվացքատուն», բացահայտելով, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը կաշառում Եվրոպայի խորհրդի քաղաքական գործիչներին։ 2017 թվականին հրապարակված հետաքննությունները պարզել են, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը շարժիչ ուժ եղել 2.9 միլիարդ դոլարի գաղտնի դրամաշնորհային ֆոնդի հետևում, որը կարող է օգնել նրան կաշառել եվրոպացի քաղաքական գործիչներին, գրել է Լամիա Ադիլգիզին globalvoices.org կայքում:
«Բաքուն խելամտորեն նավարկել է Եվրոպայի իշխանության միջանցքներով՝ գրավելով քաղաքական գործիչներին շքեղ ճամփորդությունների և ուղղակի դրամական վճարումների համադրությամբ։ Նպատա՞կը. ապահովելու, որ այդ ազդեցիկ ձայները բարձրաձայնեն Ադրբեջանի շահերի մասին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և նույնիսկ Գերմանիայի Բունդեսթագի դահլիճներում», գրել է Ադիլգիզին:
Հետաքննող լրագրող Դանիել Հարիխի նկարահանած ֆիլմի պրեմիերան կայացել է փետրվարի 20-ին, Գերմանիայի խորհրդարանի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ: Նախատեսվում է հերթական վավերագրական ֆիլմը, որն ավելի կբացահայտի Ադրբեջանի կոռուպցիոն լոբբիստական ջանքերը Եվրոպայում:
Ֆիլմը բացահայտում է և՛ կաշառք տվող ադրբեջանցիներին, և՛ կաշառք վերցնող եվրոպացի պաշտոնյաներին: «Այս պատմության կենտրոնում էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանն է, որը քննարկվում է իր կառավարության բռնապետական գործելակերպի համար, ինչպես նաև եվրոպական երկրները, որոնք հայտնի են որպես ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների առաջամարտիկներ, որոնք երկար ժամանակ խորհրդային դարաշրջանից ի վեր մենթորներ են եղել զարգացող երկրների համար: Բայց տեղի է ունենում անսպասելին. այդ նվիրական արժեքները տարածելու փոխարեն, թվում է, թե նրանք ևս խոցելի են դարձել կոռուպցիայի նկատմամբ…»։
Ֆիլմը սկսվում է Ադրբեջանի ջանքերի ցուցադրմամբ՝ լռեցնելու իր ներքին հակառակորդներին, որոնք բանտ են նետվում վարչակարգի կողմից տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները խիզախորեն բացահայտելու համար։ Այն պարունակում է դրամատիկ տեսարաններ, որոնք կրկնօրինակում են 2012 թվականին հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ննջասենյակում տեղադրված թաքնված տեսախցիկների կադրերը՝ բացահայտելով նրա անձնական կյանքը: Իսմայիլովան մի շարք հետաքննություններ է իրականացրել Ալիևների իշխող ընտանիքի հետ կապված կառավարության կոռուպցիայի վերաբերյալ: Արտահոսած կադրերը նպատակ ունեին արատավորել լրագրողի հեղինակությունը։ Հետագայում Իսմայիլովան կեղծ մեղադրանքներով բանտարկվեց և երկու տարի անցկացրեց ճաղերի հետևում»:
Ֆիլմը պատմում է «Գերմանիայի Բունդեսթագի մտացածին անդամի՝ Գերդ Մայնեկեի մասին, որը նաև ծառայում է Եվրոպայի խորհրդում: Մայնեկեն բացահայտում է, որ 1949 թվականին ստեղծված այդ հաստատությունը, որն ստեղծվել է ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման համար, վտանգված է, և որ գերմանացի պատգամավորները ենթարկվել են ադրբեջանական վարչակարգի ազդեցությանը՝ Եվրոպայի խորհրդում իրենց ձայները փոխանակելով փողի, ոսկու, մարմնավաճառների և այլ կաշառքներով՝ դավաճանելով ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքները»։
Մայնեկեի՝ Ադրբեջանին դատապարտող բանաձևի ընդունման փորձը այդ երկրի բազմաթիվ քաղաքական բանտարկյալների համար ձախողվել է այլ անդամների կողմից՝ Ադրբեջանից կաշառք ստանալուց հետո:
Ֆիլմի ցուցադրությանը հաջորդած քննարկման ժամանակ ռեժիսոր Հարրիխն ասաց. «Խնդիրը դուրս է եկել Ադրբեջանի կառավարության շրջանակներից և ներգրավել արևմտյան քաղաքական գործիչներին ու հասարակություններին՝ Ադրբեջանի բնական ռեսուրսներով սնուցվող կոռուպցիոն պրակտիկայի մեջ: Ցուցադրության հյուրերի թվում էր նաև Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն, որը վերջերս հայտնի է դարձել Ադրբեջանի կառավարության հասցեին իր բուռն քննադատությամբ։ Հենց Շվաբեն վիճարկեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը Վեհաժողովի բացման ձմեռային նստաշրջանի ժամանակ 2024 թվականի հունվարին»։
Շվաբը Global Voices-ին հայտնեց, որ Ադրբեջանի մասին ճշմարտությունն ասելու իր փորձը «համապատասխանում է Եվրոպայի խորհրդի առաքելությանը: Եթե այս կազմակերպության անդամը չի հարգում նրա սկզբունքները, ապա անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել»։ Ուկրաինական պատերազմի պատճառով ռուսական գազը բոյկոտելուց հետո Եվրոպան սկսեց գազ գնել Ադրբեջանից, որը մասամբ ներկրվում է Ռուսաստանից։ Այնուամենայնիվ, «կարևոր է, որ մենք չանտեսենք մարդու իրավունքների խախտումները հանուն առևտրային հարաբերությունների», ասաց Շվաբը:
2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վավերացնելու մերժումից հետո, «ժամանակը [ֆիլմի մեկնարկի համար] ավելի լավ չէր կարող լինել», ասում է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» ուղեղային կենտրոնի նախագահ և Ադրբեջանի կառավարության խիստ քննադատ Ջերալդ Կնաուսը։ Նրա ուղեղային կենտրոնն է 2012 թվականին ստեղծել «խավիարային դիվանագիտություն» եզրույթը և առաջինն էր, որ փաստեց Ադրբեջանի ազդեցությունը Եվրոպայի խորհրդում»։
Կնաուսը նախազգուշացրել է Ադրբեջանին Եվրոպայի խորհրդից հնարավոր վտարման մասին, եթե նա չազատի իր քաղբանտարկյալներին մինչև 2024 թվականի ապրիլը՝ Եվրոպայի խորհրդի 75-ամյակը։
Ադրբեջանում ավելի քան 200 քաղբանտարկյալ կա։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի