Երևանում եմ՝ հաստատելու մեր երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը․ Կիպրոսի ԱԳ նախարար
Կիպրոսի արտաքին գործերի նախարարի կարծիքով՝ Երևան կատարած իր այցը ցույց է տալիս, որ Հայաստանի և Կիպրոսի հարաբերությունները գտնվում են գերազանց մակարդակում։
Մամուլի համար արված հայտարարության ժամանակ այս մասին ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը։
«Այս այցը մեր հաճախակի շփումների և տարբեր հարթակներում մեր բազմաթիվ հանդիպումների բնական արդյունքն ու շարունակականությունն է։ Ինչպես Դուք ասացիք, ես Երևանում եմ՝ հաստատելու մեր երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը, վերահաստատելու մեր պատրաստակամությունն ու կամեցողությունն՝ էլ ավելի խորացնելու մեր համագործակցությունը մեր ժողովուրդների միջև։ Սա մեր համատեղ պարտավորությունն է։ Սա խորը արմատացած պատմամշակութային կապերի վրա է հիմնված, որոնք մշակվել են մեր նախկին սերունդների կողմից, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի էլ ավելի բարելավենք այն»,- ասուլիսի ընթացքում ընդգծեց նախարարը։
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը: