Հետ քայլ անել չի կարելի, էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրումը խիստ անհրաժեշտություն է․ Armed-ի տնօրեն

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումը Հայաստանում 10 տարով ուշացել է: Էլեկտրոնային դեղատոմսը քաղաքացիներին վտանգավոր դեղերից հետ պահելու վերահսկման միակ ձևն է: Հետ քայլ անել չի կարելի, էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրումը խիստ անհրաժեշտություն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի տնօրեն Ավետ Մանուկյանը՝ մանրամասնելով էլեկտրոնային դեղատոմսով դեղեր գնելու գործընթացը:

«Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումը Հայաստանում 10 տարով ուշացել է: Էլեկտրոնային դեղատոմսը քաղաքացիներին վտանգավոր դեղերից հետ պահելու վերահսկման միակ ձևն է: Շատ կարևոր բան է տեղի ունեցել և ոչ մի կերպ չի կարելի մի քայլ հետ անել: Այստեղ քաղաքացու շահն է պաշտպանվում: Ինչքան էլ փորձում են մանիպուլացնել քաղաքացուն, ստեղծել տրագեդիկ ֆոն, հիշե՛ք, որ քաղաքացու շահն է պաշտպանվում: Հարվածներն առաջինը առողջապահության նախարարությանը, ապա մեզ է հասնում, հետո այն լավ բժիշկներին, որոնց ձայնը չի լսվում»,-նշեց Մանուկյանը:

Նա, օրինակ բերելով ԱՄՆ-ն, Շվեդիան, Գերմանիան, որոնք վաղուց են էլեկտրոնային դեղատոմսի անցել, հորդորեց՝ թողնել քաղաքակիրթ երկրների շարք մտնել:

Տեխնիկական խնդիրներից խոսելով՝ Մանուկյանը նշեց՝ աշխատում են գերծանրաբեռնված:

«Վերջին 6 ամսում 100 դեղատուն է գրանցվել, 6 ամսում` 100, 3 օրում` 600: Մենք սպասելու անհրաժեշտություն չենք տեսնում: Դեղատները հայտերն ուղարկել են փետրվարի 29-ի գիշերը, երբ ամսի 1-ին պետք է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը ներդրվեր: Եթե մենք ասեինք մարտի 3-ից է գործելու, իրենք 2-ի գիշերը կուղարկեին: Համակարգային խնդիրները շատ չեն: Իսկ եթե լինում են, մեզ ահազանգելուց հետո դրանք վայրկյանների ընթացքում շտկվում են»,-ասաց մասնագետը:

Էլ ինչ հրահանգի են սպասում դեղատները, Մանուկյանը կարճ մեկնաբանեց՝ չգիտեմ: Նա հիշեցրեց՝ նախարարությունը վաղուց է շրջաբերական ուղարկել: Իսկ տվյալների արտահոսքին վերաբերող մեկնաբանություններին արձագանքելով՝ վերջինս նշեց՝ դրանք որևէ այլ անձանց հասանելի չեն կարող լինել:

«Ես վեց տարի է լսում եմ տվյալների արտահոսք: Մինչև հիմա տվյալների արտահոսքի դեպք չենք ունեցել: Քաղաքացին գնում է իր պոլիկլինիկա, բժիշկն իրեն դեղատոմս է դուրս գրում, այստեղ շեշտեմ, որ «Արմեդը» դրա համար գումար չի ստանում, էլեկտրոնային դեղատոմսը տեսնում են քաղաքացին ու իր բժիշկը: Քաղաքացին իր դեղերը գնելու համար կարող է այլ անձի լիազորել: Դեղատոմսի հիման վրա լիազորված քաղաքացին կարող է գնալ դեղատուն, ներկայացնել անունն ու ծննդյան օրն, ամիսն ու տարեթիվը, որից հետ դեղատան աշխատակիցը տեսնում է միայն նշանակված դեղերը: Աշխատակիցը չի կարող հասկանալ, թե ում համար են գնվում տվյալ դեղերը. լիազորված անձն է ընդունելու դեղերը, թե՞ ով: Հավելեմ՝ էլեկտրոնային դեղատոմսը բացվելուն պես համակարգը ֆիքսում է, որ այն բացված է»,-եզրափակեց Մանուկյանը:

Մարտից ուժի մեջ է մտել ՀՀ էլեկտրոնային առողջապահական համակարգի փոփոխությունները, ըստ որոնց ընդլայնվում է էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկը։ Մարտի 1-ից բացառապես էլեկտրոնային դեղատոմսով բաց են թողնվում հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, պատվաստանյութեր, միզոպրոստոլ պարունակող դեղեր։

Էլեկտրոնային դեղատոմսը սպասարկելու համար դեղատան բոլոր աշխատողները պետք է գրանցված լինեն «Արմեդ» համակարգում։ Բնակիչները հարցերի դեպքում կարող են զանգահարել «Արմեդ»-ի զանգերի կենտրոն, որն աշխատում է 24 ժամ, կամ կարող են զանգահարել առողջապահության նախարարություն՝ համապատասխան ուղեցույցներին ծանոթանալու համար։

Տեսանյութեր

Լրահոս