Անկարան պատրաստվում է Իրաքի հետ պատերազմի․ Բըրնսն արդեն զգուշացրել է Էրդողանին

Էրդողանը նախագահական կաբինետի նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով: Նա ասել է. «Մենք վճռականորեն շարունակում ենք ահաբեկչության դեմ պայքարը՝ ուշադրություն չդարձնելով մեր սահմանների ներսում և դրսում առկա խոչընդոտներին։ Այս ամառ մենք կլուծենք Իրաքի հետ մեր սահմանների հարցը»։

Այս հայտարարությունը մեկնաբանվում է՝ որպես ռազմական գործողությունների սրման նախանշան։

Մասնավորապես, հունական «Կատիմերինի» թերթը գրում է․

«Էրդողանը մղձավանջ է խոստանում նրանց, ովքեր ցանկանում են ահաբեկչական պետություն ստեղծել Իրաքում», և, որ «Թուրքիան կուժեղացնի Իրաքում Քուրդիստանի բանվորական կուսակցության ահաբեկիչների շուրջ պատնեշը»:

Այսպիսով, ի՞նչ է պատրաստում Էրդողանն ամռանը: Այս մասին ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի դիտարկումը.

«Կառավարությանը մոտ կանգնած թուրքական Hürriyet պարբերականն Էրդողանի այս հայտարարությունը կապում է թուրքական հետախուզության տնօրեն Իբրահիմ Քալինի՝ Վաշինգտոնում իր ամերիկացի գործընկեր ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի, ինչպես նաև Կոնգրեսի և Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ նրան ներկայացված զեկույցի հետ։

Հետևաբար, կարևոր է բացահայտել ուղեկցող գործոնները: Այն բանից հետո, երբ հունվարի 26-ին Իրաքի իշխանությունները պաշտոնապես տեղեկացրեցին Ռուսաստանի ղեկավարությանը ԱՄՆ-ի կողմից իր զորքերը երկրից դուրս բերելու պատրաստակամության մասին, Բաղդադը բանակցություններ սկսեց ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերման շուրջ: Բայց դրանք դեռ ապարդյուն են անցնում։

Երկրորդ փաստ. ԱՄՆ-ը սկսեց Իրաքի կենտրոնական մասերից իր ռազմական ստորաբաժանումների մի մասը տեղափոխել Իրաքի հյուսիս:

Երրորդ՝ խափանվել է Ժնևում Սիրիայի սահմանադրական կոմիտեի հերթական նիստը, որը նախատեսվում էր անցկացնել ապրիլի վերջին։ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտնել է՝ Ռուսաստանը չի կարող Ժնևը դիտարկել որպես չեզոք հարթակ կոմիտեի նիստի համար: Այս կապակցությամբ Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի փակման ժամանակ հայտարարել է.

«Անկարան և Մոսկվան պետք է ավելի սերտ և մանրամասն երկխոսություն վարեն Սիրիայի հարցով», քանի որ «կան բազմաթիվ հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Թուրքիայի ազգային անվտանգությանը»:

Չորրորդ ֆակտորը․ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը գրեթե հրատապ այցելել է Քուրդիստանի հայրենասիրական միության կենտրոնակայան Քիրքուքում՝ բանակցելու «քրդական միասնության հասնելու և քրդական բոլոր կուսակցությունների հետ կապեր հաստատելու ջանքերի ամրապնդման համար»։

Վերջապես, արդեն Էրդողանի հետ կապված հինգերորդ փաստը։ Նա հայտարարում է.

«Թուրքիայի շահերը չեն սահմանափակվում միայն իր սեփական տարածքով, այլ տարածվում են նրա սահմաններից շատ հեռու»՝ նկատի ունենալով, իհարկե, Սիրիան։ Դրանից հետևում է, որ ԿՀՎ-ն Անկարային տեղեկատվություն է տրամադրել իբր ամռանը Թուրքիայի դեմ իրաքյան և սիրիական քրդերի ինչ-որ համատեղ գործողության մասին, իսկ թուրքական ԶԼՄ-ներն Էրդողանի խոսքերն ընկալում են՝ որպես ազդանշան առ այն, որ «ամռանը Թուրքիան կարող է նոր խոշոր անդրսահմանային գործողություն սկսել Իրաքում և Սիրիայում ՔԱԿ-ի դեմ»։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա, կարծես, նրանք շահագրգռված են թուրք-իրաքյան և թուրք-սիրիական սահմաններին բարդություններով, որպեսզի այնտեղ պահեն իրենց ռազմական ներկայությունը՝ ակնարկելով, որ Թուրքիան ակտիվացնի իր մասնակցությունը կոալիցիային»,- նշում է Տարասովը։

iarex.ru

Հրապարակման պատրաստեց՝ ԳՄ-ն

Տեսանյութեր

Լրահոս