Ռուսաստանը գործի կդնի՞ իրեն հասանելի միջոցները

ԱՄՆ-ը արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի և Մոլդովայի մասին հնչեցրած հայտարարությանը։ Ավելի վաղ, Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Լավրովն ասել էր, որ Արևմուտքը «ձգտում է վերահսկողության տակ առնել Մոլդովայի ղեկավարությանը, ինչպես եղավ Ուկրաինայի հետ»։

Նա նաև ասել է, որ Ռուսաստանը «լրջորեն կվերանայի» իր հարաբերությունները Հայաստանի հետ, եթե Երևանը շարունակի հեռանալ Մոսկվայից և միավորվել Արևմուտքի հետ։

Նա նշել էր, որ ՀՀ ղեկավարության շուրթերից ամեն օր հնչող հայտարարությունները ստիպում են մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել գործնական քայլերում։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կառավարության այդօրինակ հռետորաբանությունն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում»,-  ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, փոխանցում է «Թուրան»-ը։

Կարդացեք նաև

«Այդ պատճառով Ռուսաստանի շատ հարևաններ անհանգստացած են ՌԴ կառավարության սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա պատրաստ է քայլեր ձեռնարկել իր հարևանների դեմ»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Մոսկվայի մեղադրանքներին, թե Արևմուտքը փորձում է «վերահսկել» Մոլդովայի ղեկավարությանը, Միլլերն ընդգծել է. «Սա ակնհայտ սուտ է»։

Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ Մոսկվա-Վաշինգտոն դիվանագիտական «փոխհրաձգությանը», վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սա արտացոլում է լարված աշխարհաքաղաքական միջավայրն ու մրցակցությունը, որում հայտնվել է հատկապես հետսովետական գոտին Ուկրաինայի պատերազմի ֆոնին։

Սա, նրա խոսքով, ունի թե իր բացասական կողմերը, թե առավելությունները։ «Առավելությունն այն է, որ այս երկրների աշխարհաքաղաքական գինն Արևմուտքի համար բարձրացել է, քանի որ Արևմուտքը շտապում է, փորձում այդ ազդեցությանը վերջ տալ, իսկ Ռուսաստանը դրան արձագանքում է դեռևս միայն հայտարարություններով, քանի որ, երևի թե, այլ քայլեր իրականացնելու ռեսուրս չկա։

Միանշանակ է, որ այնտեղ, որտեղ Ռուսաստանն ունի ռեսուրս, լծակ, կիրառելու է, պայքարելու է, որպեսզի գոնե պահպանի իր ազդեցությունը, քանի որ Ռուսաստանում հույս ունեն, որ պատերազմն ավարտվելու է ոչ ՌԴ հաղթանակով, սակայն ոչ էլ պարտությամբ, ինչը թույլ է տալու Ռուսաստանին ունենալ հստակ ազդեցության գոտի, ամենայն հավանականությամբ, այսպես կոչված, հետսովետական տարածքում։ Ուստի, եթե կան լծակներ, Ռուսաստանը սպառնում է կամ հասկացնում, որ կարող են դրանք օգտագործվել՝ սահմանափակելու համար այս կամ այն երկրի հարաբերություններն Արևմուտքի հետ»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, Արևմուտքն իր քաղաքականության շրջանակում այդ նրբությունները պետք է հաշվի առնի։

«Սակայն ընդհանուր առմամբ այնքան շատ են խնդիրները, պայմանավորված պատերազմով, որ շատ փոքր հարցեր կարող են անտեսվել։ Տեսնում եք, որ անընդհատ արտահոսքեր են տեղի ունենում պատերազմական ծրագրերի վերաբերյալ, տեղեկատվական պատերազմ է ընթանում, քարոզչական լուրջ աշխատանք է իրականացվում, իրականում՝ պատերազմը ոչ միայն գետնի վրա է և ոչ միայն Ուկրաինայում։

Հակամարտությունը գնալով ընդլայնվում է՝ ինչպես աշխարհագրությամբ, այնպես էլ՝ նորանոր ոլորտներ ներառելով։ Աշխարհը լրջագույն փոփոխությունների մեջ է»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, վերլուծաբանի կարծիքով, միջազգային ուշադրությունը ներկայումս սևեռված է Հայաստանի վրա, քանի որ ՀՀ-ն, լինելով ՌԴ դաշնակիցը, փորձում է համագործակցության նոր եզրեր ու խորություն սահմանել Արևմուտքի հետ։

«Սա, իհարկե, դուր չի գալիս Ռուսաստանին, որի համար ՌԴ-ն պատրաստ է գործի դնել իրեն հասանելի միջոցները։ Հենց դա է պատճառը, որ ռուսական սպառնալիքներին արձագանքում է Պետդեպը, քանի որ սա դարձել է միջազգային հարաբերությունների համար կարևոր հարց։ Ինչո՞ւ է սա այդքան կարևոր, քանի որ Հարավային Կովկասում ՌԴ-ն իր ազդեցությունը պահպանել է Հայաստանի, ինչպես նաև չլուծված հակամարտությունների միջոցով, ուստի Արևմուտքը հենց այս փուլում ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան և ՌԴ ռազմական ներկայության հարցը, որպես անվտանգության երաշխավոր, այլևս անհրաժեշտ չլինի։

Սակայն այստեղ գործընթացն արգելակվել է կողմերի միջև անլուծելի թվացող հարցերի ու կոնսենսուսի բացակայության պատճառով՝ էականորեն մեծացնելով էսկալացիայի վտանգը»,- նման կարծիք հայտնեց վրացի վերլուծաբանը։

Ուստի, նրա կարծիքով, դիվանագիտական նմանօրինակ հայտարարություններն արտահայտում են այն բարդ իրավիճակը, որն առկա է, բայց ոչ լիովին։

«Ինչպես տեսնում ենք, այս բոլոր փոքր հարցերը կապված են մեծ հարցերի հետ։ Եվ հենց ներկայիս փուլը չափազանց կարևոր է, քանի որ կողմերը պետք է բանակցեն՝ վերջին հարցերն Արևմուտքում համաձայնության հասնելու համար։ Սակայն հարցերը շատ են, քանի որ Ադրբեջանը դա չի ցանկանում, իսկ Հայաստանը՝ ընդհակառակը։

Չի բացառվում, որ այս անկայունությունը երկար ժամանակ շարունակվի կողմերի և Արևմուտքի, ինչպես նաև Ռուսաստանի միջև»,- ասաց նա։

Նրա կարծիքով, եթե ԱՄՆ-ում անհանգստանում են, ապա պետք է մեղմեն այն հնարավոր վտանգները, որ կարող են ունենալ երկրները Ռուսաստանի հետ հարաբերությունների փոփոխության հետևանքով։

Տեսանյութեր

Լրահոս