Վարչարարությունը խստացվում է
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը վարորդներին և ուղևորներին հորդորում է պարտադիր ամրակապվել երթևեկելու ընթացքում՝ հայտնելով, որ այս ուղղությամբ խստացնելու է վարչարարությունը։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։
«Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ: Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական: Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ:
Կրկին հորդորում և զգուշացնում ենք բոլոր վարորդներին և ուղևորներին` երթևեկելիս պարտադիր ամրակապվել:
Վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ: Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:
Վերստին հորդորում ենք լինել օրինապահ և գիտակից ու մաղթում բարի երթ»,- ասված է հաղորդագրության մեջ։