Ազատության հրապարակում փնտրում եմ Ծառուկյանին, բայց չեմ գտնում

Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանի հետ

– Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս եք գնահատում հետընտրական զարգացումները:

– Ընտրություններում հերթական անգամ հաղթանակած ժողովուրդը, հերթական անգամ իր հույսը կապել է Ազատության հրապարակի հետ: Մեր կուսակցության համար կարևոր չէ, թե ում է իր ձայնը տվել ժողովուրդը, կարևորն այդ հաղթանակի վերջնական ամրագրումն է: Հենց այդ նպատակով՝ մենք հայտարարել ենք, որ ժողովրդի հետ ենք, և մեր կուսակցության անդամներին՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, միշտ կարելի է տեսնել հրապարակում: Ի տարբերություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի, ով հայտարարել է, որ իրենք ժողովրդի կողքին են:

Բայց ամեն անգամ Ազատության հրապարակ գնալով, ես  ժողովրդի կողքին փնտրում եմ ԲՀԿ ղեկավարներին, ուզում եմ տեսնել նրանցից որևէ մեկին, հատկապես Գագիկ Ծառուկյանին, նրանից շնորհակալություն հայտնել, որ իր խոսքը գործ է, որ ինքը հաղթանակած, ըմբոստացած և ոչ թե Սերժ Սարգսյանին ընտրած ժողովրդի կողքին է: Բայց ապարդյուն, նրանցից ոչ ոքի չեմ տեսնում: Նույն կերպ չեմ տեսնում Կոնգրեսի ղեկավարությանը, որոնք նույնպես ժողովրդի կողքին են, բայց էլի անհասկանալի է, թե որ ժողովրդի:

– Հնարավոր է, որ հրապարակ չգալու պատճառը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած որոշակի քաղաքական հակասություններն են, և ոչ թե ժողովրդի կողքին լինելու ցանկության բացակայությունը:

– Մեր կուսակցությունը և նրա ղեկավար մարմինը, որը ներկայացնում եմ նաև ես, բազմաթիվ տարաձայնություններ ունի «Ժառանգություն» կուսակցության և նրա ղեկավարի հետ՝ ինչպես ներկայում իրականացվող մարտավարության, այնպես էլ՝ ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ նրանց ունեցած մոտեցումների հարցում: Բայց մենք չեն կարծում, որ հիմա դրա ժամանակն է, որ ժամանակն է խոսել հակասություններից: Մենք հայտարարել ենք, որ լինելու ենք փողոց ու հրապարակ դուրս եկած ժողովրդի կողքին, և նրա կողքին ենք, ժողովրդի հետ: Տարիների պայքարի փորձը հաշվի առնելով՝ կարող ենք միայն առաջարկություններ ներկայացնել. Կընդունե՞ն, թե՞ ոչ՝ իրենց գործն է: Մենք էլի Ազատության հրապարակում ենք:

– Երբ Ձեր կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իրավիճակը թեժացնելու համար ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները պետք է վայր դնեն իրենց մանդատները,տարբեր մեկնաբանություններ հնչեցին: Մասնավորապես, հնչեցին կարծիքներ՝ որ հայտնի է, թե Դուք որ ճամբարում եք, ում եք ծառայում: Հատկապես ԲՀԿ-ում միշտ ակնարկում են, որ Դուք ծառայում եք Սերժ Սարգսյանին:

– Կարող են ակնարկել՝ ինչ ուզում են: Թե ով ում է ծառայում, երևում է բացառապես իր գործողություններից և ոչ թե՝ ինչ-որ մեկի ակնարկներից: Այո, Արամ Սարգսյանն ինքը վայր դրած լինելով պատգամավորական մանդատը, բարոյական իրավունք ուներ նույնն առաջարկել մյուսներին: Նախ՝ իրենց մանդատները պետք է վայր դնեին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, հետո՝ մյուսները, ովքեր իրենց ընդդիմություն են համարում: Դա կստեղծեր նոր քաղաքական իրավիճակ, որի հետ իշխանությունները չէին կարող հաշվի չնստել:

Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելով՝ չի որոշվում պատգամավորի դիրքորոշումը, այլ կոնկրետ քայլերով: Պատգամավորների արձագանքը ցույց տվեց, թե որքանով են նրանք պատրաստ իրական պայքարի: Միակ պատգամավորը, ով դրական արձագանքեց Արամ Սարգսյանի կոչին, Ալեքսանդր Արզումանյանն էր: Թե մանդատը նվեր ստացած նախկին զինդատախազը, թե քաղաքագիտական վերլուծության արդյունքում խորհրդարանում հայտնված մի քանի այլ կոնգրեսականները, թե նախկին դաշնակցական ընկերները մերժեցին այս առաջարկը, քանի որ մանդատը նրանց համար ավելին է, քան պայքարը:

Ինձ առավել շատ զարմացրեց ԲՀԿ-ականների արձագանքը, ովքեր այնպիսի հիստերիա բարձրացրեցին հանուն այդ մանդատների, որ թվաց, թե առանց մանդատի կգա աշխարհի վերջը: Բայց պետք է հիշեցնեմ, որ Արամ Սարգսյանի առաջարկն ուղղված էր գոնե ֆորմալ առումով ընդդիմադիր պատգամավորներին, ոչ թե ԲՀԿ-ին:

– Ինչպե՞ս եք տեսնում շարժման ապագան: Ճի՞շտ եք համարում քաղաքապետի ընտրություններին մասնակցելը կամ ստվերային կառավարություն կազմելը:

– Յուրաքանչյուր հետընտրական պրոցես ունի իր աստեղային ժամը, այն պահը, երբ այն կարելի է տանել հաղթական հանգուցալուծման: Հիշենք Վ.Ի.Լենին, ով ասում էր՝ հոկտեմբերի 24-ը շուտ է, 25-ը՝ ուշ: Նա կարողացավ գտնել ճիշտ պահը և հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ հեղափոխությունը, որը հաջողություն ունեցավ, չնայած իմ կարծիքով՝ ունեցավ նաև հրեշավոր հետևանքներ: Այդպիսի բախտորոշ  ժամանակներ և օրեր են եղել նաև մեր հայաստանյան քաղաքական զարգացումներում, երբ առաջնորդները պետք է ճիշտ ընկալեին ճիշտ օրը և ժամը:

2003թ.-ին այդ օրը փետրվարի 20-ն էր, երբ հանրահավաքը Մատենադարանից ձգվում էր մինչև Ազատության հրապարակ: Թվում է, թե եկել է Ստեփան Դեմիրճյանի և նրա գլխավորած շարժման աստեղային ժամը, բայց այդ պահը կորսվեց: 2008թ. Հանրապետության հրապարակում հավաքված ժողովուրդը ճեղքեց ոստիկանական շղթան և միացավ Ազատության հրապարակում հավաքված ընդդիմությանը: Մեր կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց. Չգնանք Բաղրամյան 26, նույնը կրկնեց Բագրատյանը, իսկ առաջնորդը լռեց: Եղավ այն, ինչ եղավ: Ես չգիտեմ, թե երբ է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժման աստեղային ժամը, և ինչպես է նա դրանից օգտվելու:

Կամ այդ աստեղային ժամն ինքն է ստեղծելու, թե այն լինելու է հանպատրաստից՝ ինչ-որ հանգամանքների բերումով: Կապրենք՝ կտեսնենք:
Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին մասնակցելուն, ապա մեր կուսակցությունն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը՝ հետընտրական գործընթացը չի կարելի տանել նախընտրական դաշտ: Քանի դեռ հասարակությունը հրապարակում վիճարկում է նախագահական ընտրությունների արդյունքները, սխալ է և նույնիսկ անընդունելի՝ խոսել ավագանու ընտրությունների մասին:  Չնայած հրապարակում տեսակետ կա, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի որոշելիքն է, նա եթե ասում է՝ մի բան գիտի: Այս առիթով էլ կարող եմ ասել, որ նախորդ շարժումները տապալվեցին, նաև առաջնորդների անսխալականության սինդրոմի հետևանքով, երբ հրապարակը նրանց կուռք դարձրեց, առաջնորդվելով՝ դե, նա ամեն ինչ գիտի, նա երբեք չի սխալվում վտանգավոր մտածողությամբ:

Տեսանյութեր

Լրահոս