Ամերիկացին դատի է տվել Powerball վիճակախաղին
ԱՄՆ բնակիչը, ով կարծում էր, թե շահել է Powerball վիճակախաղի 340 միլիոն դոլարի ջեքփոթը, դատի է տվել վիճակախաղին այն բանից հետո, երբ Powerball-ի ադմինիստրատորներն ասել են, որ իրենց կայքը սխալմամբ է ցույց տվել տղամարդու տոմսի համարները՝ դրանք նշելով, որպես հաղթող:
Ինչպես գրում է The Guardian-ը, Վաշինգտոնի բնակիչ Ջոն Չիքսը տոմսը գնել էր նախորդ տարվա հունվարին: Նա վիճակահանությանը չի հետևել, սակայն երկու օր անց իր տոմսի թվերը տեսել է վիճակախաղի կայքում: Այնուհետև, ըստ tert.am-ի՝ նա գնացել է Powerball-ի գրասենյակ՝ իր շահումը պահանջելու:
Դատկան փաստաթղթերում ասվում է, որ ադմինիստրատորները մերժել են Չիքսի ջեքփոթի դիմումը՝ նրան ուղղված նամակում նշելով.«Դիմումատուի մրցանակի պահանջը մերժվել է… քանի որ տոմսը խաղային համակարգի կողմից չի վավերացվել որպես հաղթող, ինչպես պահանջվում է կանոնակարգով»:
Չիքսը նաև պատմել է, որ ինքը տարօրինակ «խորհուրդ» է ստացել Powerball-ի աշխատակցից, որն իբր ասել է նրան. «Հեյ, այս տոմսը լավը չէ: Պարզապես նետեք այն աղբամանի մեջ»:
«Ես խիստ հայացք նետեցի նրան և հարցրի՝ աղբամանի՞ մեջ», – պատմել է տղամարդը։
«Այո, պարզապես դեն նետեք այն։ Դուք չեք ստանալու գումարը… հենց այնտեղ աղբաման կա», – Չիքսի պանդմամբ՝ ասել է աշխատակիցը։
Սակայն ամերիկացին դեն չի նետել տոմսը։ Փոխարենը դիմել է փաստաբանին և դատի տվել Powerball-ին:
Պատասխանող կողմը պնդում է, որ 2023 թվականի հունվարի 6-ին ընկերության որակի ապահովման թիմը փորձարկում էր Powerball կայքի ժամային գոտիների փոփոխությունը: Այդ օրը ժամը 12:09-ին որակի ապահովման թիմը պատահաբար Powerball-ի փորձնական համարները տեղադրել է խաղի ուղիղ եթերում, այլ ոչ թե դրա համար նախատեսված հատուկ հարթակում, որը տեսանելի չէր հանրությանը:
Նրանք նշում են, որ փորձարկման շրջանակում տեղադրված համարները 2023 թվականի հունվարի 7-ի Powerball խաղարկության համարները չեն։ Ընդ որում, դրանք տեղադրվել էին հունվարի 6-ին՝ խաղարկությունից մեկ օր առաջ, ուստի չեն կարող հաղթած թվերը լինել։ Հունվարի 8-ին վիճակախաղի կայքում այս սխալ համարները ներկայացվել են փաստացի շահող համարների կողքին: Հունվարի 9-ին տեսնելով սխալը, աշխատակիցները հեռացրել են թվերը: