Տոնոյանի զբաղեցրած հաստիքը կրճատվեց. Հայաստանը ՆԱՏՕ-ում ներկայացուցչի փոխարեն կունենա ռազմական կցորդներ
Դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր ստորագրեց և հետ կանչեց Վիկտոր Բիյագովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։
Բիյագովը Նիդեռլանդների Թագավորությունում նշանակվեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ, նստավայրը՝ Հաագա։
Դրանց հետո ՀԱՊԿ-ում Հայաստանը մնաց առանց ներկայացուցչի՝ առ այս պահը։
Ամիսներ շարունակ Հայաստանն առանց ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ թողնելուն զուգահեռ, սակայն, ՀՀ իշխանությունը որոշել է ռազմական կցորդներ նշանակել ՆԱՏՕ-ում, որտեղ, ի դեպ, թափուր էր մնացել ՀՀ ռազմական ներկայացուցչի հաստիքը (այդ հաստիքը 2004 թվականից զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը):
Հիմա Տոնոյանի զբաղեցրած հաստիքը կրճատել են, փոխարենը՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելություններին կից նշանակել 3 ռազմական կցորդ։
Նշենք, որ մինչև հիմա մենք տվյալ կազմակերպությունում ունեցել ենք Պաշտպանության նախարարության պաշտպանության հարցերով պետական խորհրդական և պաշտպանության նախարարության ներկայացուցիչ։
Այդ պաշտոններն առ այս պահը եղել են քաղաքացիական ծառայության պաշտոններ։
Հիմա Պաշտպանության նախարարությունը փոփոխություն է կատարել օրենքում, և քաղաքացիական պաշտպանության ծառայողների փոխարեն՝ Հայաստանը ՆԱՏՕ-ում կունենա պաշտպանության հարցերով զինվորական կցորդներ (քաղաքացիական պաշտոնը փոխարինել են ռազմականով), որոնք չեն ունենա այն լիազորությունները, որն ուներ ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցիչը։
ՀՀ պաշտպանության հարցերով կցորդները կլինեն օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող պաշտոնատար անձինք։