Տիգրան Սարգսյան-ԲՀԿ բախումը հետաձգվեց

ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավորները բավական հանգամանալից էին պատրաստվել վարչապետ Տիգրան Սարգսյանի «բուրդը քամուն տալուն»:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի համար նրանք նախապատրաստել էին հարցեր, որոք մեղադրանքներ կամ մեղադրանքի ակնարկներ էին պարունակելու՝ ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով դարձել է ԲՀԿ-ի հիմնական թիրախը: ԲՀԿ-ականները մի պահ դադար էին վերցրել և խնայում էին կառավարության ղեկավարին, բայց այդ դադարն ավարտվեց Սերժ Սարգսյանի հայտնի ասուլիսից հետո, երբ ԲՀԿ-ականները եկան եզրահանգման, որ նախագահ Սարգսյանը որոշել է վերանշանակել Տիգրան Սարգսյանին, որը նրանք համարում են ապտակ հասարակությանը` ապագա տարիների համար:

Բայց ԲՀԿ-ականները հնարավորություն չունեցան հարց ուղղելու կառավարությանը. կամ նրանց բախտը չբերեց հերթագրվելու ժամանակ, և նրանք հայտնվեցին հարց տվողների ցուցակի ամենահետին տեղերում, կամ ՀՀԿ-ականներն էին լավ կազմակերպել հարցուպատասխանը և հերթագրումն այնպես, որ ԲՀԿ-ականներին հերթ չհասներ, և նրանք իրենց հարցերով վարչապետին անհանգստացնելու հնարավորություն չունենային:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը տևում է ԱԺ մեկ նիստ`1,5 ժամ: Առաջին կես ժամը կառավարության անդամները պատասխանում էին ՀՀԿ խմբակցության պատգամավորների նախօրոք կառավարությանն ուղղված գրավոր հարցերին: ՀՀԿ-ականներն այդ հարցերի գրավոր պատասխանները ստացել էին կառավարությունից, բայց ուզում էին, որ նախարարներն ԱԺ ամբիոնից հնչեցնեն դրանց պատասխանները, որպեսզի հեռուստադիտողները համոզվեն, թե որքան մտահոգ են նախարարներն ու պատգամավորները հասարակությանը հուզող հարցերի նկատմամբ:

ՀՀԿ-ականներից հետո կառավարությանը հարց ուղղելու իրավունքն անցավ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` կառավարությանը բանավոր հարց ուղղելու ժամանակ առաջնահերթությունը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին: Յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցությունից առաջնահերթ հարց ուղղելու իրավունք ունեն երեքական պատգամավոր, որից հետո միայն հարցեր են տալիս` ըստ գրանցման հերթականության:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերթով մոտենում էր գրանցված ընդդիմադիր պատգամավորներին և նրանց խնդրում հրաժարվել իրենց հարցի իրավունքից, որպեսզի հերթը հասնի ԲՀԿ պատգամավորներին: Բայց որևէ պատգամավոր չընդառաջեց Զոհրաբյանին: Արդյո՞ք ընդդիմադիրներն էլ էին որոշել միանալ Տիգրան Սարգսյանին ԲՀԿ-ից պաշտպանելու ներխորհրդարանական ծրագրին, թե՞ իրենց հարցերն ավելի էին կարևորում, քան ԲՀԿ-ի քննադատությունը, դժվար է ասել:

Փաստն այն է, որ չնայած ԲՀԿ-ն ընդդիմադիրներից ավելի կոշտ է քննադատում Տիգրան Սարգսյանին և նրա ղեկավարած կառավարությանը, բայց քանի որ չի հայտարարել ընդդիմադիր լինելու մասին, ԲՀԿ-ականները զրկված են հարց ուղղելու առաջնահերթության հնարավորությունից: Իսկ գրանցումն էլ այնպես էր ստացվել, որ Տիգրան Սարգսյանին քննադատելու սովորություն ունեցող ԲՀԿ-ականները` Վահե Էնֆիաջյան, Տիգրան Ուրիխանյան և Վահան Բաբայան, հայտնվել էին հերթագրվածների ամենավերջին տեղերում:

ԱԺ քարտուղարության ղեկավար Թաթուլ Սողոմոնյանը փորձում էր ԲՀԿ-ականներին համոզել, որ դրա մեջ ոչ մի միտում չկա, և ամեն ինչ եղել է պատահականորեն: Արդյունքում` ԲՀԿ-ականները չկարողացան արտահայտել իրենց տեսակետը Տիգրան Սարգսյանի մասին: Իսկ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին` չպատասխանեց ԲՀԿ-ականների նախորդ օրը՝ հայտարարությունների ժամանակ հնչեցրած մեղադրանքներին, հրաժարվելով շփվել լրատվամիջոցների հետ:
Քանի որ ԲՀԿ-ականներին այդպես էլ հերթ չհասավ խոսելու ԱԺ ամբիոնից, մենք որոշեցինք նրանցից անձամբ ճշտել, թե ինչ հարցեր էին ուղղելու կառավարությանը, որը նրանց այդպես էլ չհաջողվեց:

ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ասում է, որ իր հարցը վերաբերելու էր բանկային ավանդների տոկոսներին: Էնֆիաջյանը պատրաստվում էր կոնկրետ թվերով և փաստերով ապացուցել, որ բանկային տոկոսները չափազանց ուռճացված են, որ դրանք ամենևին էլ չեն համապատասխանում հայտարարված տոկոսադրույքներին, որի արդյունքում վարկառուները հայտնվում են դժվար տնտեսական կացության մեջ: Բանկային ոլորտը և այնտեղ կատարվող իրադարձությունները կապվում են հենց վարչապետ Տիգրան Սարգսյանի անձի հետ:

ԲՀԿ ական մեկ այլ պատգամավոր` Տիգրան Ուրիխանյանն, ասում է, որ իր հարցը ուղղված էր լինելու ոչ թե վարչապետ Տիգրան Սարգսյանին, այլ կոռուպցիայի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Ուրիխանյանը մտադիր էր հարցնել, թե արդյո՞ք այդ հանձնաժողովի օրակարգում ընդգրկվել և քննարկվել են այն մեղադրանքները, ըստ որի` «Նաիրիտ» գործարանն անմիջականորեն կապ ունի Տիգրան Սարգսյանի հետ, որքանո՞վ են ճիշտ այն տեղեկությունները, որ Մասիսից Եղվարդ տանող ջրագիծն ապամոնտաժում է Տիգրան Սարգսյանի եղբայրը, և արդյո՞ք դրա մեջ չկան կոռուպցիոն ռիսկեր, ի՞նչ եղավ 16,6 միլիոն դոլարի վարկը, որն ուղղված էր արոտավայրերի կառավարման արդյունավետության բարձրացմանը և կարտոֆիլի մշակման նոր և արդյունավետ տեխնոլոգիաների տարածմանը: Ի՞նչ արդյունավետություն ունեցավ այդ վարկի օգտագործումը, և ինչի՞ այն հանգեցրեց. ո՞ւմ գրպանում հայտնվեցին այդ վարկային միջոցները:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք ինքը նման հարց հնչեցնելով` կասկած ունի, որ այդ վարկային միջոցները ոչ արդյունավետ են օգտագործվել, և այդ անարդյունավետությունը որևէ կապ ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի անձի հետ, Ուրիխանյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք տեղեկանալ, արդյո՞ք այս հարցերն ընդգրկվել են կառավարությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի օրակարգ, արդյո՞ք այդ հարցերը քննարկվել են, և ի՞նչ եզրահանգման են եկել այդ քննարկման արդյունքում: Միայն այդ պատասխանը ստանալուց հետո մենք կներկայացնենք մեր տեսակետը»:

Պարզ է մի բան. ԲՀԿ-ն իր դժբախտությունների հիմնական պատճառը համարում է Տիգրան Սարգսյանին, ում վերանշանակումը թույլ չի տալիս ԲՀԿ-ին լինել կոալիցիայի անդամ: Ի տարբերություն ընդդիմության, որը տեսական հնարավորություն չունի լինել կառավարությունում և իրերի ներկա դրությանը նայում է շատ հանգիստ ու առանձնապես չի ձգտում վրեժխնդիր լինել Սարգսյանից՝ ԲՀԿ-ականները գիտեն, որ իրենց դժբախտությունների միակ պատճառն ու պատասխանատուն Տիգրան Սարգսյանն է, և նրան մշտապես հիշեցնելու են դրա մասին:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս