Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. կուրս դեպի չորրորդ հանրապետություն. Ալեքսանդր Կռիլով
«Դեղարաբաղացումն» ընդամենը մի փուլ է ազգային ինքնության առանցքային տարրերի տոտալ ոչնչացման ճանապարհին: Հունվարի 19-ին հանդիպելով իրավաբանների հետ՝ վարչապետ Փաշինյանը վստահություն է հայտնել՝ Հայաստանը սկզբունքորեն կարիք ունի նոր Սահմանադրության։ Արմատապես սահմանադրական փոփոխությունը հնարավորություն է տալիս օրենսդրորեն ձևակերպել հայկական պետության հրաժարումն այն սկզբունքներից, որոնք ընկած էին ազգաշինության հիմքում հետխորհրդային երեք տասնամյակների ընթացքում։
Հիշեցնենք՝ 1995–ին ընդունված ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը սահմանում է՝ պետության քաղաքական համակարգի հիմքը «պատմական արդարության վերականգնման անհրաժեշտության և ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի» հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակներն են՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման համաձայն: Այսպիսով, հայկական պատմական տարածքների վերամիավորման գաղափարն ամրագրվել է Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքում: Այն իր գործնական մարմնավորումն է ստացել ԼՂԻՄ հայ բնակչության ինքնորոշման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման տեսքով՝ որպես միջանկյալ փուլ Հայաստանի հետ նրա հետագա ինտեգրման համար։
Իրավիճակը փոխվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո. հայկական դիվանագիտական օրակարգից հանվեց Թուրքիայի կողմից 1915-1923թթ. Ցեղասպանության ճանաչման (հետագայում՝ տարածքային և ֆինանսական փոխհատուցմամբ զոհերի ժառանգներին) և ԼՂՀ անկախության ճանաչման պահանջը։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման և Ադրբեջանի կազմում ԼՂՀ ապագա կարգավիճակի խնդիրը դուրս բերվեց բանակցությունների շրջանակից՝ որպես այդ պահին անլուծելի: Հայ-ադրբեջանական հակասությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու դեպքում տեղի հայ բնակչության կարգավիճակի և անվտանգության երաշխիքների թեման ժամանակի ընթացքում կարող էր կորցնել իր արդիականությունը: Նման սցենարն առաջ էր քաշվում ռուսական դիվանագիտությամբ, այն դժվար իրագործելի էր, բայց տեսականորեն հնարավոր։
Եռակողմ ձևաչափով կարգավորումը ենթադրում էր Մոսկվային վերապահել տարածաշրջանում գլխավոր միջնորդի և անվտանգության երաշխավորի դերը։ Դա անընդունելի էր ԱՄՆ-ի և միջազգային ասպարեզում Ռուսաստանի մյուս հակառակորդների համար, որոնց ջանքերով եռակողմ հայտարարության հիման վրա խաղաղ գործընթացը նախ արժեզրկվեց՝ ավելացնելով նորանոր բանակցային ձևաչափեր, իսկ հետո ամբողջովին արգելափակվեց։ 2022-ի հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովում Հայաստանի ղեկավարությունը հրաժարվեց եռակողմ ձևաչափով նախորդ պայմանավորվածություններից, քանի որ պաշտոնապես ընդունեց՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, և ԼՂՀ կարգավիճակի որոշման խնդիրը, հաշվի առնելով հակամարտության ողջ նախապատմությունը և ազգերի ինքնորոշման իրավունքը, ինքնաբերաբար դուրս մնաց միջազգային օրակարգից:
Արևմտյան միջնորդությամբ բանակցություններն անարդյունք եղան, և Բաքուն ընտրություն կատարեց հօգուտ ղարաբաղյան խնդրի ուժային լուծման։ 2023-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակը հարձակում է սկսել անվտանգության գոտում ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի վրա։ ԼՂՀ ՊԲ-ն փորձել է դիմադրություն ցույց տալ, մարտերի ընթացքում զոհվել է 192 ադրբեջանցի զինծառայող, ևս 511-ը վիրավորվել են: Ղարաբաղյան կողմից զոհվել է առնվազն 200 մարդ, ավելի քան 400-ը վիրավորվել են։ Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի և ԼՂՀ իշխանությունները ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվել են կրակի դադարեցման մասին:
Ադրբեջանական բանակի ճնշող առավելության պատճառով ԼՂՀ ղեկավարությունը ստիպված եղավ հայտարարել լիակատար կապիտուլյացիայի մասին։ 2023-ի սեպտեմբերի 28-ին չճանաչված պետության նախագահ Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին: Դրանից հետո Ադրբեջանի իշխանություններն ապաշրջափակեցին Լաչինի միջանցքը, մի քանի օրվա ընթացքում տարածաշրջանը լքեց գրեթե ողջ հայ բնակչությունը (ավելի քան 100 հազար մարդ)։ Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության փախուստից հետո ղարաբաղյան բաղադրիչը (ինքնորոշման իրավունք, կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ և այլն) կորցրել է իր արդիականությունը, և հայ-ադրբեջանական հակամարտությունը ձեռք է բերել բացառապես միջպետական բնույթ:
Հայկական սփյուռքը խիստ բացասական է գնահատել Փաշինյանի գործողությունները և արևմտյան դիվանագիտության դերը: Փաշինյանի ընդդիմախոսների կարծիքով՝ իշխանափոխությունից հետո «կառավարության ղեկավարի դեմ պետք է մեղադրանքներ առաջադրվեն պետական դավաճանության, իշխանության յուրացման, տարածքային ամբողջականության դեմ հանցագործության և սահմանադրական կարգի տապալման համար»: Փաշինյանի հակառակորդները Հայաստանում և Սփյուռքում միակարծիք էին՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իրավասության ճանաչումը և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից Երևանի հրաժարվելը կտրականապես անընդունելի են:
Փաշինյանի հակառակորդները Հայաստանում և Սփյուռքում հավատարիմ են մնացել պատմական արդարության և հայկական պատմական տարածքների վերամիավորման գաղափարին: 2023-ի հուլիսին ստեղծվել է «Եվրոպացիները հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը, որտեղ ներկայացված են Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասի հայկական համայնքները: 2023-ի մարտին Երևանում անցկացվեց Առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը՝ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր վստահություն հայտնեցին, որ «աշխարհասփյուռ հայության միասնական ուժերով կարելի է կառուցել Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատիվ ապագան»: Ըստ միջոցառման կազմակերպիչների՝ այս նախաձեռնությանը միացել են ավելի քան 110 000 հայրենակիցներ աշխարհի 108 երկրներից»:
Ընդդիմության կարծիքով՝ ռազմական պարտությունից հետո հասարակության մեջ տիրող հոռետեսությունն ու շփոթվածությունը չեն նպաստում հայկական աշխարհի քաղաքական մոբիլիզացիային ու համախմբմանը. հասարակությունն ապակողմնորոշված է, քաղաքական համակարգը՝ էապես քայքայված, քաղաքացիներն անվստահություն ունեն՝ ինչպես պետական ինստիտուտների, այնպես էլ՝ ընդհանրապես քաղաքական համակարգի նկատմամբ: Հայ հասարակության ներկա ապատիկ վիճակը խոչընդոտում է քաղաքական ուժերի ակտիվությանն ու համախմբմանը։ Արդյունքում՝ համահայկական նոր ռազմավարություն մշակելու և 1980-ականների վերջի միասնական ազգային-ազատագրական շարժում վերստեղծելու բոլոր փորձերը մնում են անարդյունք։
Փաշինյանը պնդում է՝ ներկայումս անհրաժեշտ է եղած բոլոր ռեսուրսներն օգտագործել բացառապես «Հայաստանում պետականության կայացման համար»: Դրա համար «անհրաժեշտ է վերանայել բոլոր այն բանաձևերը, որոնք ընկած են Հայաստանի պետականության հիմքում՝ սկսած տարածաշրջանային հարաբերություններից, վերջացրած միջազգային հարաբերություններով, անվտանգության համակարգերով և այլն»։ Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը Հայաստանի առջև հաջող զարգացման հեռանկարներ է բացում, քանի որ մինչ այդ «Հայաստանի Հանրապետությունը չուներ արտաքին քաղաքականություն, կար Լեռնային Ղարաբաղի քաղաքականություն, Հայաստանի Հանրապետությունը չուներ անվտանգության օրակարգ, կար Լեռնային Ղարաբաղի անվտանգության օրակարգ և այլն, և այլն … ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեր երկրի ռեսուրսների մեծ մասը, որը պետք է օգտագործվեր պետականության կայացման համար… բոլոր ռեսուրսները, որոնք մենք պետք է ներդնեինք Հայաստանի Հանրապետության ստեղծման մեջ, մենք ներդրել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման մեջ: Մենք հաշվի չենք առել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը… անհնար էր»։
Հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ Արցախի դերի նման զուտ բացասական բացարձակացումը չի արտացոլում իրական իրականությունը։ Չէ՞ որ ԽՍՀՄ փլուզումից հետո հայկական ազգային շարժումը չէր սահմանափակվում «Միացում» կարգախոսով՝ Արցախը Հայաստանին վերամիավորմամբ, նրա գլխավոր նպատակը հայերի պատմական բնակության տարածքներում Միացյալ Հայաստանի ստեղծումն էր։ Գործնականում այդ նպատակըն չիրագործվեց, դրան հասնելու ուղղությամբ Հայաստան-Արցախ-Սփյուռք միացյալ ջանքերն անարդյունք եղան և ավարտվեցին ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությամբ, ԼՂՀ լուծարմամբ և տեղի հայ բնակչության համատարած փախուստով։
Փաշինյանի հռչակած 28.900 քկմ տարածքով բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերին հավատարմությունը նշանակում է հրաժարվել հայ հասարակության՝ Արևելյան Հայաստանի՝ որպես պատմական Հայաստանի փոքր մասի, գերիշխող գաղափարի մերժում։ Այս մերժումն արդեն արձանագրվել է Հայաստանի պատմության դպրոցական դասագրքի նոր տարբերակում, որը բողոքի ակցիաներ է առաջացրել՝ պահանջելով հանել այդ դասագրքերը և պաշտոնանկ անել կրթության նախարարին։ Նոր դասագրքին դեմ են հանդես եկել Հայ Եկեղեցու ներկայացուցիչները, որոնք հատուկ ընդգծել են, որ այն «վտանգում է Սփյուռքում հայ ինքնության պահպանումը»:
Չնայած բողոքի ակցիաներին և Հայ Եկեղեցու և Սփյուռքի հետ հարաբերություններում շարունակվող ճգնաժամին՝ Փաշինյանը մերժում է ընտրված կուրսը շտկելու հնարավորությունը: Նա ձգտում է համոզել քաղաքացիներին, որ հին Սահմանադրության պահպանումը նոր պատերազմների կհանգեցնի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնք կվտանգեն հայ ազգի գոյությունը։ Դրանից խուսափել թույլ կտա միայն սկզբունքորեն նոր սահմանադրության ընդունումը։ Հետխորհրդային երրորդ Հանրապետությանը պետք է փոխարինի «աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում ավելի մրցունակ և կենսունակ» չորրորդ հանրապետությունը, որի հիմքը կդառնա «հայրենիքը պետությունն է» հայեցակարգը։
Արդյո՞ք քաղաքացիները կաջակցեն պետականաշինության առաջարկվող նոր մոդելին և Հայաստանի Երրորդ Հանրապետությունը չորրորդով փոխարինելուն: Ըստ Փաշինյանի՝ միայն իշխանության համար հանրաքվեի դրական արդյունքը հայերին հնարավորություն կտա «ոչ պետական» ժողովրդից վերածվել «պետական» ժողովրդի: Առաջիկայում նախատեսված սահմանադրական հանրաքվեի արդյունքները ցույց կտան, թե արդյո՞ք Հայաստանի քաղաքացիները կհամաձայնեն հրաժարվել նախկին իդեալներից և քանդել Երրորդ Հանրապետությունը՝ հանուն չորրորդի կառուցման։
Հրապարակման պատրաստեց՝ Գ․Մ․-ն