Աշխարհի մի շարք ղեկավարներ Չարլզ 3-րդին քաղցկեղից ապաքինում են մաղթել
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո աշխարհի մի շարք երկրների ղեկավարներ մտահոգություն են հայտնել նրա առողջության համար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը X սոցիալական հարթակում իր և կնոջ անունից արագ և լիակատար ապաքինում է մաղթել Չարլզ 3-րդին՝ նշելով, որ քաղցկեղի բուժման ընթացքում «հույս և բացարձակ քաջություն է հարկավոր»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին Չարլզ 3-րդ թագավորին շուտափույթ ապաքինում է մաղթել՝ X սոցիալական հարթակում գրելով, որ իր մտքերը բրիտանացի ժողովրդի հետ են։
Ավստրալիայի և Կանադայի ղեկավարները նույնպես լավագույն բարեմաղթանքներն են հայտնել Մեծ Բրիտանիայի թագավորին՝ նրա արագ ապաքինման հույս հայտնելով։
Սասեքսի դուքս արքայազն Հարրին առաջիկա օրերին ԱՄՆ-ից կմեկնի Անգլիա՝ Չարլզ 3-րդին տեսակցության։ Արքայազն Հարրիի խոսնակը հայտնել է, որ նա ախտորոշման մասին խոսել է հոր հետ։
75-ամյա Չարլզ 3-րդի ախտորոշման մասին Բուքինգհեմյան պալատը հայտնել էր փետրվարի 5-ին։ Քաղցկեղի տեսակը հստակ չի նշվել, սակայն նշվում է, որ թագավորը «լիովին դրական է» տրամադրված։ Հունվարին Չարլզ 3-րդը երեք օր հիվանդանոցում էր անցկացրել՝ շագանակագեղձի վիրահատության համար, և հենց հիվանդանոցում գտնվելու ընթացքում էլ հայտնաբերվել էր, որ թագավորի մոտ կա «քաղցկեղի տեսակ»։
Միապետը բուժման ընթացքում կհետաձգի հանրային հանդիպումները, սակայն կզբաղվի պետական գործերով և կշարունակի ամեն շաբաթ ընդունել երկրի վարչապետ Ռիշի Սունակին։