Բաժիններ՝

Սեուլը քննադատել է ՌԴ արտգործնախարարության դիրքորոշումը Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Պաշտոնական Սեուլը դժգոհություն է հայտնել Կորեական թերակղզում տիրող իրավիճակի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերից և նախագահ Յուն Սոկ Յոլի տեսակետներին առնչվող հայտարարություններից։ Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ Մարիա Զախարովան ասել էր, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հռետորաբանությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ նպատակ ունի քողարկել երկրի ագրեսիվ պլանները Հյուսիսային Կորեայի նկատմամբ և այդ հռետորաբանությունը զազրելի է Սեուլի կողմից ԱՄՆ-ի հետ զորավարժությունների մասնակցելու ֆոնին:

Զախարովան նաև Յուն Սոկ Յոլի հայտարարություններն անվանել էր բացահայտ տենդենցիոզ, որոնք առնչվում էին այն իրողությանը, որ ԿԺԴՀ-ն իբր աշխարհի միակ երկիրն է, որն օրենսդրորեն հաստատել է կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։

Լրատվամիջոցներին ուղարկված հաղորդագրության մեջ Հարավային Կորեայի ԱԳՆ-ն քննադատել է Զախարովայի խոսքերը։

«Զախարովայի հայտարարություններն արժանի չեն երկրի ԱԳՆ ներկայացուցչին, դրանք կոպիտ են, անգրագետ և կողմնակալ: Նման հայտարարությունները անտեսում են պարզ և օբյեկտիվ իրականությունը, որ Հյուսիսային Կորեայի սպառնալից հռետորաբանությունը և մշտական ​​ռազմական սադրանքները մեծացնում են լարվածությունը Կորեական թերակղզում և տարածաշրջանում»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս