Մեծ Բրիտանիայում չեն բացառում Պաղեստինի անկախության ճանաչումը նախքան դրա ստեղծման շուրջ բանակցությունների ավարտը
Մեծ Բրիտանիան Գազայի հատվածում զինադադարից հետո կարող է պաշտոնապես ճանաչել պաղեստինյան պետությունը ՝ չսպասելով դրա ստեղծման վերաբերյալ բանակցությունների ավարտին: Այդ մասին Լիբանան կատարած այցի ընթացքում Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Դևիդ Քեմերոնը:
Բրիտանացի պաշտոնյան Պաղեստինի ճանաչման կարևոր նախապայման է համարում Գազայի հատվածում «ռազմական գործողությունների դադարեցումը», որը վերջնարդյունքում կվերածվի «կրակի մշտական և կայուն դադարեցման»: Միաժամանակ Քեմերոնն ընդգծել է, որ «երկու պետությունների ստեղծման միջոցով հակամարտության լուծումն անհնար է, քանի դեռ Գազան վերահսկում են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումը ձեռնարկած մարդիկ»: Նրա խոսքով՝ Պաղեստինի պետության ճանաչման համար կարևոր է նաև, որ կրակի դադարեցման որոշումից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդները լքեն անկլավը:
Քեմերոնն ասել է, որ Մեծ Բրիտանիայի կողմից Պաղեստինի անկախ պետության ճանաչումը, այդ թվում՝ ՄԱԿ-ում, «չի կարող տեղի ունենալ գործընթացի սկզբում, բայց պարտադիր չէ նաև, որ լինի ամենավերջում»:
«Մենք կարող ենք դա դիտարկել, երբ այս գործընթացը, լուծում գտնելու առաջընթացը դառնա առավել իրական», – հայտարարել է նա:
Արևմտյան երկրները կողմ են Իսրայելի հարևանությամբ Պաղեստինի անկախ պետության գոյության գաղափարին՝ գտնելով, որ դա է տարածաշրջանի լրջագույն հակամարտության լուծումը: Արևմտյան երկրները նաև պնդում են, որ Պաղեստինի անկախության հարցը լուծվի բանակցությունների միջոցով: 2009 թվականից այդ թեմայով առարկայական բանակցություններ չեն տարվել:
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրապարակայնորեն մերժել է պատերազմից հետո պաղեստինյան պետության ստեղծման գաղափարը:
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 250-ին, որոնց մի մասն ազատ է արձակվել կողմերի միջև նոյեմբերին տեղի ունեցած 7-օրյա հրադադարի ժամանակ։ Իսրայելն այս հարձակումից հետո պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 27 000-ը։