Ժիրայր Սէֆիլյանը` Սերժ Սարգսյանին. «Եթե նա կարծում է, որ իր այդ սպառնալիքով մեզ պիտի վախեցնի, չարաչար սխալվում է» (տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ քաղաքացիական խորհրդի հերթական նիստը, որի բանախոսներն էին «Սարդարապատ» քաղաքացիական շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը: Առաջինը ելույթ ունեցավ հայտնի ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը, ում «Բարևի» հեղափոխության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց ոչ թե պարզապես հայրենասեր, այլ «բյուրեղյա հայրենասիրությամբ օժտված» և հայրենապաշտ անձնավորություն:
Սէֆիլյանը խոսեց շարժման հետագա անելիքների և ծրագրերի մասին և այս համատեքստում նա անդրադարձավ նաև ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ասուլիսին:
«Եթե անցած 15-18 տարիների ընթացքում ընդդիմությունն ուներ մեկ ուղի, որը տանում էր դեպի փակուղի, մենք այժմ գտել ենք մի ընթացք, մի այլ ուղի, որը գործելու է օրենքի շրջանակներում, սահմանադրական տրամաբանության շրջանակներում, և որի շնորհիվ ձևավորվելու է զուգահեռ իշխանություն` բառի բուն իմաստով: Եվ եթե նկատեցիք, վերջերս Սերժ Սարգսյանը, որ խոսում էր, հիշելով Րաֆֆի Հովհաննիսյանին տված իր երեք խորհուրդները, կամ տարբերակները, (ես արդեն չեմ էլ զանազանում նրա խոսակցությունը), հիշատակել էր մի միտք, որ տարբերակներից մեկն այն է, որ «գնաս Ազատության հրապարակ և 8 տոկոսով քեզ նախագահ հռչակես և սկսես ձևավորել զուգահեռ իշխանություն, և այդ ժամանակ ձեզնով կզբաղվեն իրավապահ մարմինները»: Սա նաև մատնացույց է անում մեզ այսօր, որ ճիշտ ուղին սա է: Եթե նա կարծում է, որ իր այդ սպառնալիքով մեզ պիտի վախեցնի, չարաչար սխալվում է, ընդհակառակը` նա մեզ օգնում է, որ հասկանանք` ճիշտ ուղին դա է»,- հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: