Վրաստանը չի բացառել Ժնևյան բանակցությունների ձևաչափի փոփոխումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վերինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին անհրաժեշտություն չի տեսնում Ժնևյան քննարկումների ձևաչափի փոփոխման մեջ: Դրա հետ մեկտեղ նա չի բացառել, որ Վրաստանը կարող է համաձայնել դրա փոփոխմանը, եթե դա բխի երկրի շահերից.

«Մենք կարծում ենք, որ բացառված չէ ձևաչափի փոփոխման մասին խոսելը, սակայն մենք պետք է հասկանանք, թե դա ինչի համար է անհրաժեշտ: Մենք ունենք որոշակի հարցեր՝ կապված Ժնևյան քննարկումների ձևաչափի հետ: Մենք տեսնում ենք, որ արդյունքներ չկան, որոնք հարմար կլինեին թե՛ Վրաստանի, թե գործընթացի այլ մասնակիցների համար: Մեզ հետաքրքիր է, թե ինչպիսի արդյունքների կարելի կլինի հասնել ձևաչափի փոփոխման դեպքում: Մենք կտրուկ ոչ չենք ասում, մենք պատրաստ ենք ասել այո, սակայն այդ այոն պետք է բխի Վրաստանի շահերից»:

2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո տարվող Ժնևյան բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է մարտի 26-27-ին: Նախորդ տարվա վերջին Աբխազիան պահանջեց փոխել Ժնևյան բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափը:

Տեսանյութեր

Լրահոս