Ի՞նչ սպասել՝ փոխարժեքների հետ կապված. Դրամի արժեզրկման ռիսկերը մեծացել են

Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանի ֆինանսական շուկան հայտնվեց արտառոց իրավիճակում։ Դրսից ստացվող հսկայական տարադրամային հոսքերի արդյունքում՝ դրամը կտրուկ արժևորվեց շուկայի հիմնական արժույթների, մասնավորապես՝ դոլարի և եվրոյի նկատմամբ։ Արժևորումը հասավ ընդհուպ մինչև 20-25 տոկոսի՝ մեծապես հարվածելով տնտեսության արտահանելի հատվածին։

Չնայած դրան, Կենտրոնական բանկը խուսափեց տարադրամի ավելցուկային հոսքերն ամբողջությամբ ներքաշելուց և դրա ազդեցությունը փոխարժեքների վրա լիարժեք չեզոքացնելուց։ Բարձր գնաճային միջավայրում դա դարձավ ներմուծվող ապրանքների թանկացումները զսպող Կենտրոնական բանկի հիմնական գործիքներից մեկը։ Չնայած միշտ չէ, որ այն համարժեք ազդեցություն ունեցավ ապրանքների գների վրա։

Դրամի ամրապնդումը շարունակվեց մինչև անցած տարվա սեպտեմբերի վերջ։ Սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին արժութային շուկայում հերթական ցնցումը տեղի ունեցավ։ Այս անգամ՝ դրամի թուլացման ուղղությամբ։

Մեկուկես տարի արժևորվելուց հետո, դրամն այս անգամ ոչ պակաս կտրուկ արժեզրկվեց։ Ձևավորված բացասական սպասումներով պայմանավորված՝ դոլարի փոխարժեքը 385-ից հասավ ընդհուպ 450-460 դրամի։

Կարդացեք նաև

Կենտրոնական բանկը, որը վերջին շրջանում հնարավորինս խուսափում է փոխարժեքի շուկայում միջամտություններից, հարկադրված եղավ քայլեր ձեռնարկել՝ ի հայտ եկած սպասումները չեզոքացնելու համար։ Շուկայում առաջացած լրացուցիչ պահանջարկը բավարարելու նպատակով իրականացվեց տարադրամային ինտերվենցիա։

Միայն դրանից հետո արժութային շուկան որոշակիորեն հանդարտվեց, բայց փոխարժեքներն այլևս հետ չեկան մինչ այդ եղած մակարդակին։

Դոլարի գինը, նախկին 385-ի փոխարեն, կայունացավ 400 դրամից բարձր դիրքում։

Բարձրացան նաև եվրոյի և ռուբլու գները։

Իհարկե, ռուբլու պարագան մի փոքր այլ էր։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանում որոշվեց հարկադրված քայլեր իրականացնել ռուբլու ամրապնդման ուղղությամբ, և խոշոր արտահանող կազմակերպություններին պարտադրվեց ստացված տարադրամային  միջոցների մի մասն իրացնել ներքին շուկայում, ռուբլին ռուսական շուկայում որոշ չափով արժևորվեց։ Դա արտահայտվեց նաև Հայաստանում։ Մինչ այդ՝ ռուբլու գինը, որ 4 դրամից ցածր էր, գրեթե կես դրամով բարձրացավ։ Թեև, ի տարբերություն մյուս արժույթների, ռուբլին շարունակում է գտնվել բավական բարձր տատանողական վիճակում, հաճախ է իջնում ու բարձրանում։

Փոխարժեքի շուկայում սեպտեմբերի վերջի-հոկտեմբերի սկզբի ցնցումներից հետո, դրամի ամրապնդման նախորդ մեկուկեսամյա շրջափուլը կարծես ավարտվեց։ Դանդաղ տեմպով, բայց նկատելի է դրամի արժեզրկում։

Դոլարի գինը վերջին շրջանում ընդհուպ մոտեցել է 410 դրամին։ Այս ընթացքում այն հասցրել է ամերիկյան արժույթի նկատմամբ գրեթե 5-6 տոկոսով թուլանալ։

Սպասվում է, որ դրամի արժեզրկումը կշարունակվի նաև այս տարի։

Նման գնահատականների համար որոշակի հիմքեր վերջին շրջանում ձևավորվել են։

Մասնավորապես՝ անցած տարվա կեսերից Կենտրոնական բանկը վերադարձել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման, որքան էլ դա շատ զգուշավոր է անում։ Տոկոսադրույքի նվազեցումը, այլ կերպ, փողի էժանացում է։

ԿԲ-ն էժանացնում է փողը, ինչը կարող է իր ուղղակի ազդեցությունն ունենալ դրամի արժեզրկման վրա։ Հատկապես որ, մյուս կողմից էլ՝ կրճատվում են դրսից ստացվող տրանսֆերտային տարադրամային հոսքերը։

Այսինքն՝ փոխարժեքների վրա տարադրամային ճնշումը, որը նախորդ շրջանում համարվում էր դրամի ամրապնդման հիմնական գործոնը, սկսել է թուլանալ։

Անցած տարվա երկրորդ կեսից բանկային փոխանցումները Հայաստան նվազում են։ Ընդ որում, դա վերաբերում է՝ ինչպես առևտրային, այնպես էլ՝ ոչ առևտրային փոխանցումներին։

Տրանսֆերտային հոսքերի կրճատումը տարվա երկրորդ կեսին անցավ 500 մլն դոլարից։

Իհարկե, տարեսկզբի բարձր աճերի շնորհիվ, առևտրային տրանսֆերտային հոսքերը տարվա կտրվածքով գերազանցեցին նախորդ տարվա մակարդակը, այնուհանդերձ տարեվերջին ընդառաջ տարբերությունը գնալով կրճատվեց։

Ինչ վերաբերում է ոչ առևտրային կամ մաքուր տրանսֆերտներին, ապա այստեղ, նույնիսկ տարվա կտրվածքով, բավական լուրջ անկում գրանցվեց։

Տարեկան ամփոփումները դեռևս չեն արվել, սակայն կրճատումը կարող է հասնել 40-45 տոկոսի կամ ընդհուպ 600 մլն դոլարի։

Ենթադրվում է, որ այս միտումը կպահպանվի։ Մաքուր տրանսֆերտային հոսքերը կշարունակեն կրճատվել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղի է ունենում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի խստացում, նաև նոր պատժամիջոցներ են սահմանվել ռուսական որոշ ապրանքների արտահանումների նկատմամբ՝ ռիսկի տակ են նաև ոչ առևտրային փոխանցումները։

Զուտ հայկական ապրանքների արտահանումների մասով ստացվող տարադրամային միջոցների դրական շարժեր նույնպես այս պահին չկան։ Տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ առաջիկայում ևս հազիվ էլ թե կլինեն։

Տնտեսությունից թելադրված հիմնական ուղղությունը, որը կարող է լրացուցիչ տարադրամային հոսքեր ապահովել ֆինանսական շուկա և ազդել փոխարժեքների վրա, մնում է զբոսաշրջությունը։ Այլ բան, թե ինչպիսի՞ն կլինեն զբոսաշրջային հոսքերն այս տարի։ Այստեղ բազմաթիվ խնդիրներ ու անորոշություններ կան, որոնք թույլ չեն տալիս լիարժեք գնահատել զբոսաշրջությունից փոխարժեքների վրա թելադրվող հնարավոր ազդեցությունները։

Ամեն դեպքում, զբոսաշրջությունը կարծես հասել է պիկին, և այստեղ մեծ տեղաշարժեր դժվար է սպասել։ Անգամ, եթե լինեն, դրամի արժեզրկման հետ կապված ռիսկերն այս տարի գերակշռող են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս