Մենք կոչ ենք անում Alphabet-ին և Meta-ին բավարար ռեսուրսներ հատկացնել՝ Հայաստանի ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու համար. ԱՄՆ երկու սենատոր
Անցյալ շաբաթ ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը, նամակներ են հղել Meta և Alphabet ընկերություններին՝ կոչ անելով բավարար ռեսուրսներ տրամադրել 2026 թվականի հունիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ռուսական ապատեղեկատվությունը կանխելու համար: Այս մասին հայտնում է ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնակն կայքը:
«Անկախ փորձագետները գնահատում են, որ ՌԴ-ն թարմացնում է Մոլդովայում կիրառված իր մեթոդները, այդ թվում՝ օգտագործելով Meta հարթակները՝ Հայաստանի ժողովրդավարական գործընթացի արդյունքների վրա ազդելու համար»,- գրել են սենատորները Meta-ին ուղղված իրենց նամակում:
«Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանից եկած մարդկանց խրախուսում են աջակցել որոշակի քաղաքական կուսակցությունների։ Հայկական քաղաքացիական հասարակության խումբը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», Meta հարթակներում հայտնաբերել է ավելի քան հարյուր էջ, որոնք տարածում են առաջիկա ընտրություններին առնչվող մանիպուլյատիվ բովանդակություն: Խումբը նաև նկատել է համակարգված կեղծ վարքագիծ, որը, ըստ տեղեկությունների, ուղղորդվում է ռուս-հայ օլիգարխի կողմից, ով Թրամփի առաջին վարչակազմի կողմից Կոնգրեսին ներկայացված զեկույցում նշվել է որպես «Ռուսաստանի Դաշնության նշանակալի բարձրաստիճան արտասահմանյան քաղաքական գործիչ կամ օլիգարխ՝ պայմանավորված ռուսական վարչակարգին նրանց մոտիկությամբ»,- գրված է նամակում:
«Մենք հուսով ենք, որ դուք կկրկնեք և կադապտացնեք Մոլդովայի ժողովրդավարությունն օտարերկրյա հարձակումներից պաշտպանելու ջանքերը՝ համագործակցելով հայաստանյան համապատասխան կառույցների հետ»,- գրել են սենատորները Alphabet-ին ուղղված իրենց նամակում:
«Մենք կոչ ենք անում Alphabet-ին բավարար ռեսուրսներ հատկացնել՝ Հայաստանի ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու համար»,- իրենց մտահոգությունն են հայտնել սենատորները և նշել, որ Միացյալ Նահանգները գիտակցում է այն լուրջ սպառնալիքը, որը ներկայացնում են ռուսական դերակատարների ապատեղեկատվական ջանքերը հայկական ժողովրդավարության համար։



