Սաակաշվիլին համաձայնել է նախագահի լիազորությունների կրճատմանը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը պատրաստ է աջակցել Վրաստանի նախագահի լիազորությունների սահմանափակմանը՝ վարկանիշային քվեարկության կիրառման դեպքում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է անձամբ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով երեկ ուշ երեկոյան տվյալ խնդրի շուրջ խորհրդակցություն է անցկացրել խորհրդարանական փոքրամասնության հետ:
Նախագահը հայտարարել է, որ խորհրդարանում պետք է անցկացվի վարկանիշային քվեարկություն՝ պարզելու համար, թե որքան ձայն չի բավականացնում խորհրդարանական մեծամասնությանը 100 քվեով որոշում ընդունելու համար: Օրենքով, սահմանադրական փոփոխություն կարելի է իրականացնել 150 հոգանոց խորհրդարանի քվեների միայն 2/3-ի ստացման դեպքում:
Սաակաշվիլին հավելել է, որ չբավականացնող քվեները կտրամադրի խորհրդարանական փոքրամասնությունը. «Իմ տվյալներով՝ նրանց սահմանադրական մեծամասնության համար չի բավականացնում 6-7 քվե, և մենք պատրաստ ենք նրանց տրամադրել դրանք»:
Սաակաշվիլին ընդգծել է, որ ճնշումների ու գնման շնորհիվ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարողացել է խորհրդարանական ընդդիմությունից խլել մի քանի ձայն, սակայն այժմ նրանում մնացել են միայն «Միասնական ազգային շարժում» կուսակցության գաղափարներին հավատարիմ մարդիկ:
Սահմանադրական ուղղումների հարցը խորհրդարանը քննարկելու է մարտի 21-ից: Դրանցով նախատեսվում է նախագահին զրկել առանց խորհրդարանի համաձայնության ցրել կառավարությունը և նշանակել նոր կառավարություն: