Իրանում հայտարարել են, որ հրամաններ չեն տալիս տարածաշրջանի դիմադրության ուժերին

Իրանը որևէ հրաման չի տալիս տարածաշրջանի դիմադրության ուժերին, նրանք գործում են անկախ և իրենց շահերի շրջանակներում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Տարածաշրջանի, ներառյալ՝ Եմենի դիմադրության ուժերը գործում են անկախ և բացառապես իրենց շահերի շրջանակներում։ Իրանը նրանց ոչ մի հրաման չի տալիս», – Telegram-ում նախարարի խոսքն է մեջբերել Իրանի ԱԳՆ-ն։

Աբդոլլահիանը նաև նշել է, որ «եթե Սիրիայում և Իրաքում չկազմավորվեին դիմադրության ուժեր ահաբեկչության դեմ պայքարի համար, ապա այսօր Սիրիան և Իրաքը բոլորովին այլ տեսք կունենային»։ Նրա խոսքով, եթե դիմադրության ուժերը չապահովեին տարածաշրջանի անվտանգությունը, ապա Իսրայելը դուրս կգար իր սահմաններից։

Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից հետո եմենցի խռովարարների «Անսար Ալլահ» շարժման (հութիների) ներկայացուցիչները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և նրա հետ կապված նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, քանի դեռ պաղեստինյան անկլավում գործողությունը չի դադարեցվել։

Իրաքում և Սիրիայում շիաների զինված կազմավորումներն իրենց հերթին սկսել են հարձակումներ իրականացնել այդ երկրներում ամերիկյան ռազմակայանների վրա՝ «ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան բնակչության դեմ զանգվածային հարվածների, որոնց աջակցում է ԱՄՆ-ն»:

Տեսանյութեր

Լրահոս