Հայ-թուրքական բանակցությունները գտնվում են փակուղում, իսկ սահմանը բացելն անվտանգային սպառնալիք կարող է դառնալ ՀՀ-ի համար. թուրքագետ

Հունվարի 12-ին ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և արդեն պատրաստ է շահագործման։

«Մաքսային տեխնիկական միջոցների, անձնագրային հսկողության, նաև սահմանապահների մասով բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, որպեսզի ուղևորային սպասարկումը պատշաճ իրականացվի»,- ասել է Կարեն Թամազյանը։

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» սահմանային անցակետի պատրաստ լինելու մասին անցած տարեվերջին հայտարարել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ հույս հայտնելով Թուրքիայի կողմից ևս դրական ազդակներ ստանալ:

Անցակետը կահավորվել է համապատասխան բոլոր տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ բեռնատարներով և ֆիզիկական անձանց խորը զննող ռենտգեն սարքավորումներով: Ամբողջ գործընթացի համար նախատեսված էր ծախսել 168 մլն դրամ:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ խոսակցություններն ակտիվացան 44-օրյա պատերազմից ու Թուրքիայում տեղի ունեցող ավերիչ երկրաշարժից հետո:

Երկու երկրներն անգամ բանագնացներ նշանակեցին այդ նպատակով: Այդ ժամանակ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, որ պայմանավորվածություն կա սահմանն ամռանը բացելու, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Ավելին, մի քանի հանդիպումներից հետո բանագնացների միջև հանդիպումները ևս դադարեցին:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների հույսերը կապված են միայն իրենց հայտնի հանգամանքների հետ ու չեն երևում ո՛չ թուրքական կողմի քայլերում, ո՛չ օբյեկտիվ գործընթացներում:

«Ինչքան ուզում են՝ կահավորեն սահմանը, տարատեսակ քայլեր անեն, միևնույն է՝ թուրքական կողմի մոտեցումները շատ կոշտ են: Ինչպես նախկինում, այնպես էլ, առավել ևս, հիմա դրանք կապվում են Ադրբեջանի տարատեսակ նպատակների հետ: Ուստի մինչև լրջագույն կորուստների գնով ՀՀ-ն Ադրբեջանի հետ հարաբերություններ կամ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» չկնքի, միամտություն կլինի կարծել, թե Թուրքիան կգնա ինչ-որ քայլի»,- ասաց թուրքագետը՝ հիշեցնելով, թե Թուրքիայի երկրաշարժից հետո ինչպիսի լիահույս հայտարարություններ էին հնչում ՀՀ այս նույն իշխանությունների կողմից:

Այն ժամանակ Թուրքիային հումանիտար օգնության փոխանցումն այս իշխանությունները, ըստ թուրքագետի, համարում էին «լուրջ դիվանագիտական քայլ», հայտարարվում էր, թե դա կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, ինչը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ: Իսկ այդ երկրի կողմից առաջադրվող նախապայմանները չպակասեցին:

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հերթական անգամ հնչեցրեց հայ-թուրքական սահմանը բացելու թուրքական նախապայմանը:

Նա հայտարարեց, որ սահմանների բացման հարցում իրենք գործում են Ադրբեջանի հետ համաձայնեցված, իսկ որոշումը կկայացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող «խաղաղ բանակցությունների» արդյունքի համաձայն: Որպես սահմանը բացելու նախապայման՝ թուրքական կողմը նշում է նաև Հայոց ցեղասպանության պահանջատիրության դադարեցումը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական կողմերի միջև բանակցություններին՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ, դրանք գտնվում են փակուղում: Իսկ թուրքական կողմը, ըստ նրա, այս ընթացքում կատարել է միայն իմիտացիոն քայլեր ու հայտարարություններ, որոնք որևէ լուծման չեն հասցնելու:

«Թուրքական նախապայմանները մի մեծ ամբողջություն են, որոնց կատարումը նշանակում է Հայաստան պետության ու հայկական էթնիկ հիշողության վերացում: Սա շատ հստակ է: Այդ երկրի պահանջները՝ սկսած Արարատ սարից մինչև Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, սրանք ամբողջովին վերաբերում են Հայաստան պետությանն ու հայկական ինքնությանը»,- ասաց թուրքագետը:

Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանություններն անցակետի կահավորման համար այդքան ծախս կատարելուց առաջ նախ պետք է կարողանային առաջընթաց գրանցել դիվանագիտական դաշտում:

«Իրենք տապալել են արտաքին քաղաքականությունը: Իրենք հմուտ չեն ու չեն կարողանում վարել այդ քաղաքականությունը: Ինչպես որ իրենց ղեկավարը ջղայնանում է, թե դպրոցներում սանհանգույցները լավ չեն սարքում, այնպես էլ հասարակության գիտակից հատվածն իրավունք ունի զայրանալու, որ իրենք չեն կարողանում պահել արտաքին քաղաքականությունը: Եթե շինարարները դուշն են, այսպես ասած, տապալել, ապա իրենք տապալել են Թուրքիայի հետ կապված արտաքին քաղաքականությունը՝ դրանից բխեցնելով լրջագույն սպառնալիքներ  Հայաստանի համար»,- ասաց թուրքագետը:

Ըստ թուրքագետի՝ հայ-թուրքական սահմանը բացելն արդեն իսկ մեծ հետևանք կդառնա Հայաստանի համար՝ սկսած հայկական գյուղատնտեսության ոչ մրցունակ դառնալուց՝ մինչև դեմոգրաֆիկ ու անվտանգային տարատեսակ խնդիրների առաջացում:

1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները: Հայաստանն ու Թուրքիան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարել էին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել։ Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով կողմերը նշանակել էին հատուկ ներկայացուցիչներ։

2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն էին ձեռք բերել ապահովելու Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, և որոշել էին սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս