Կան մարդիկ, որոնք շարունակում են «խաղեր» տալ և շեղել այն գործընթացներից, որոնք պետք է արվեն. Մետաքսե Հակոբյան

Նախորդ տարվա վերջին «Ազատության» հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն ասել էր, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի։ Դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։

Այս հարցազրույցից հետո Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի հանդիպել էր պետական այն մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով:

Նա ասել էր, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները։

Այս ամենից հետո, սակայն, Արցախի իշխանությունների կողմից եղավ լռություն, ինչն էլ քննադատությունների տեղիք տվեց, քանի որ շատերի կարծիքով՝ Արցախի իշխանությունը պետք է ցուցաբերի ակտիվություն՝ ցույց տալով, որ Արցախը չի լուծարվել։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով այս քննադատություններին և հարցին՝ ինչո՞ւ է պասիվ Արցախի իշխանությունը, փոխանցեց՝ ցավոք, պետք է փաստել, որ նույնիսկ այս սարսափելի ծանր իրականության մեջ, որում այսօր գտնվում են, միևնույն է՝ շատ բան չի փոխվել իշխանավորների մեջ։

«Արցախում նախագահը փոխվեց, սակայն Կառավարության կազմում չեղավ փոփոխություն, եղավ միայն պետնախարարի փոփոխություն։ Ի վերջո, չմոռանանք, որ Արցախի ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությունը ՀՀ ներկայիս իշխանությունների տարվող քաղաքականությանը ստորակետի ճշտությամբ համաձայն էին։ Եվ այսօր Արցախի իշխանական թևից Հայաստանում կրկին տեսնում ենք նույն պահվածքը, ինչը եղել է, իհարկե, ոչ այդպես պարզ երևացող։ Նույնիսկ այդպես թույլ չտալով մնացածին ակտիվ լինել, հենց իմ ասածն է փաստում»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Չնայած սրան, Մ. Հակոբյանի խոսքով՝ ամեն դեպքում հնարավորինս փորձում են ակտիվացնել Արցախի պետական ինստիտուտները, և վստահաբար կարող է ասել, որ Արցախի իշխանության ներկայացուցիչներից շատերի մոտ կա վախի զգացողություն, քանի որ նրանց վրա ՀՀ իշխանության կողմից տարբեր ձևերով կան ճնշումներ՝ հանրային, ուղիղ, առանձին և այլն։

«Ելնելով մարդու տեսակից, նրա նպատակներից՝ ճնշումը, բնականաբար, կարող է ազդել տարբեր ձևերով։ Սրանով պայմանավորված՝ այո, խառնաշփոթ իրավիճակ է, սակայն վստահեցնում եմ, որ կա կորիզ, որը չի նահանջելու, չի ընկրկելու և իր գործունեությունը շարունակելու է։ Իհարկե, սա դժվար է իրականացնելը, որովհետև եթե բոլորը նայեին նույն կետին և բոլորի քայլերն ուղղված լինեին մեկ նպատակի, մի կողմ դնելով անձնական շահերն ու խնդիրները, ապա շատ ավելի հեշտ կլիներ հասնել հաջողության։

Այո, ակտիվանալու կարիք կա, մեր հանդիպումները բազմաթիվ են, կոնկրետ ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ կարևոր օրակարգային հարց կար, որը դեռևս չի լուծվել։ Սա կրկին պայմանավորված է տարբեր խաղերով, կան մարդիկ, որոնք շարունակում են «խաղեր» տալ և շեղել այն գործընթացներից, որոնք պետք է արվեն, բայց դրանք, միևնույն է, կարվեն»,- հավելեց Արցախի ԱԺ պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ այս պահին Արցախի իշխանությունները պետք է ակտիվանան, քանի որ այլընտրանք չունեն։ Թեպետ ժամանակը գործում է Արցախի ու արցախահայության դեմ, բայց պետք է խաղից դուրս բերվեն գործընթացին խանգարողները, որովհետև նրանք երկար ժամանակ չեն կարող երկու լարի վրա խաղալ, ու առաջ գնան։

Մեր զրուցակիցը դժվարացավ ասել, թե ինչո՞ւ Սամվել Շահրամանյանը, որ նախորդ տարվա վերջին հայտարարեց, որ Արցախը չի լուծարվում, դրանից հետո պասիվացավ. ըստ նրա՝ այդ հարցը պետք է ուղղել հենց Արցախի նախագահին։

«Այսօր շատ բան կախված է հենց Արցախի նախագահից, Կառավարության անդամներից, քանի որ հայտարարել, որ կա Արցախի իշխանություն՝ քիչ է, եթե կա, ապա որտե՞ղ են երևում նրա քայլերը, գործողությունները։ Ի վերջո, այս ամենն արդյո՞ք պայմանավորված չէ ՔՊ-ականների այն հայտարարություններով, որ Արցախի իշխանության ցանկացած խոսք ու շարժ վտանգում է Հայաստանի անվտանգությունը։ Վստահ եմ, որքան Արցախի իշխանությունն իրեն պասիվ պահի, վտանգն այնքան մեծանում է Հայաստանի շուրջ։ Այն մարդիկ, որոնց համար կարևոր է այսօր Հայաստանը, պետք է գործեն»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս