Բաժիններ՝

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել

Ռուսաստանը և Ուկրաինան 2023 թ․ օգոստոսից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են կատարել, որը դարձել է ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ամենամասշտաբայինը։ Դա տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։  ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստան է վերադարձել 248 գերի։

«Ռուսաստանցի զինծառայողների վերադարձը գերությունից հնարավոր է դարձել՝ շնորհիվ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ հումանիտար բնույթի միջնորդական մասնակցության», – հայտնել են գերատեսչությունում։

Իր հերթին ուկրաինական կողմը հայտնել է 230 զինծառայողի վերադարձի մասին։

Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում երկու երկրների միջև կարող է տեղի ունենալ ռազմագերիների ևս մեկ փոխանակում։

Իր հերթին ԱՄԷ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գերիների փոխանակման հաջողությունն արտացոլում է երկրի «ամուր բարեկամական հարաբերություններն» ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։

«Իզվեստիյա» պարբերականը հիշեցնում է, որ 2023 թ․ հոկտեմբերին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում։ Ռուսական կողմին է փոխանցվել 60 զինծառայողի մարմին, ուկրաինական կողմին՝ 64։ Մինչ այդ բանակցությունների արդյունքում հուլիսին Ռուսաստան էր վերադարձել գերության մեջ գտնվող 45 զինծառայող, իսկ Ուկրաինա՝ 41 զինծառայող։ Վերջին անգամ կողմերի միջև գերիների փոխանակում էր կատարվել օգոստոսի 7-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս