Որպեսզի հայրենիքը չդառնա պատմական. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Երեկ նամակ եմ ստացել Հայաստանի մի գյուղից: Սովորաբար հին՝ թղթային ձևով ուղարկած նամակները վերաբերում են սոցիալական որևէ խնդրի կամ հարևանի հետ վեճի: Բայց այս մի քաղաքացին ձեռագիր 10 էջի վրա շարադրում է 1916-17 թվականների իրադարձությունները, որոնք այսպես թե այնպես կապված են Հայկական հարցի հետ: Նամակագիրը նաև հարցնում է՝ ինքը ճի՞շտ է հասկացել այդ իրադարձությունները, թե՞ ոչ: Հավանաբար, չափից դուրս լավ կարծիքի է իմ մասին:
Բայց ես մեկ այլ բանի մասին մտածեցի. մեզ՝ հայերիս, շատ է հուզում մեր պատմությունը, և դա ինքնին վատ չէ: Բայց, չգիտես ինչու, մենք ավելի շատ հետաքրքրվում ենք պատմության այն էջերով, որոնք պատմում են մեր կորուստների, տառապանքների, չարչարանքների մասին: Օրինակ՝ Շուշիի ազատգրման հարցով ինձ ոչ ոք նամակ չի գրի, բայց ահա այն մասին, որ մենք ունեինք այսքան տարածք, կարող էինք այսքան ունենալ, եթե սրիկա բոլշևիկներն ու թուրքերը մեր գործին չխփեին՝ խնդրեմ:
Գուցե զուգահեռը տեղին չէ, բայց երբ մեր ֆուտբոլային թիմը պարտվում է, մենք պարտադիր մեղադրում ենք «խաղը ծախած» դատավորին: Ճիշտ այդպես էլ նման դեպքերումհարց է ծագում՝ այդ նենգ ուխտադրուժ թուրքերի, ռուսների, բուզանդացիների, արաբների և պարսիկների կողքին որտե՞ղ էինք մենք՝ հայերս: Թե՞, մենք միայն հերոսաբար կռվել ենք, մի քիչ միամիտ ենք եղել, իսկ մնացածը մեզ խաբել են ու խաբել: Իսկ երբ իսկապես հերոսաբար կռվել ենք ու հաղթել, դա էլ մի տեսակ չի կարևորվում, ստորադասվում է այլ խնդիրներին, օրինակ՝ այդ հերոսական շրջանը ներկայացնում ենք որպես «մթի-ցրտի» տարիներ:
Պատմական և ժամանակակից իրադարձությունները գնահատելիս մեզ մոտ կարծես թե գերակշռողը էմոցիաներն են: Այդ ամենի մասին ինձ ստիպեց հիշել ՀՀ նախագահի հետ մեր՝ լրագրողներիս զրույցը: Սերժ Սարգսյանի արտահայտած շատ մտքերի հետ ես համաձայն չեմ, բակց (հասկանալով, իհարկե, որ «քոմենթ» անողները վրա կտան) անդրադառնամ մի մտքի, որի հետ համաձայն եմ:
Խոսքը Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին է, որն այս պահին ոչ Հայաստանին, ոչ ԼՂՀ-ին քաղաքական, տնտեսական և բարոյական առումով ոչինչ չի տա և ուղղակիորեն կփչացնի մեր հարաբերությունները Մինսկի խմբի համանախագահ, այսինքն՝ մեզ համար ամենակարևոր երկրների հետ:
«Գուցե Տորոնտոյում կլինի մի հայ, որը հպարտություն կզգա, որ Հայաստանը ճանաչել է ԼՂՀ-ն»,- այդպես է երեկ ասել Սերժ Սարգսյանը: Բայց մենք հո Տորոնտոյում չե՞նք ապրում:
Ասածս այն է, որ անընդհատ չհիշենք այն մասին, թե նչ ենք կորցրել, այլ որոշակի պրագմատիզմ դրսևորելով, պահպանենք այն, ինչ ունենք: Որպեսզի դա նույնպես չդառնա պատմական հայրենիք, որը սիրելը, ինչպես հայտնի է, ավելի հեշտ է, քան իրականը»: