Ինչո՞ւ և ի՞նչ է Ռաիսին խիստ զգուշացրել Փաշինյանին

Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ: ՀՀ կառավարության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

«Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը»,- ասված էր հայկական կողմի տարածած հաղորդագրությունում, որը բավականին հակիրճ էր, առանց էական մանրամասնությունների։

Սրան զուգահեռ՝ բավականին հետաքրքրական տեքստ էր հրապարակել ԻԻՀ նախագահի աշխատակազմն այս հեռախոսազրույցի վերաբերյալ։ Ռաիսին ըստ էության վերահաստատել էր ԻԻՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների բացման վերաբերյալ՝ ընդգծելով տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։

Նա մասնավորապես ասել էր, որ իր երկրի քաղաքականությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ մնում է անփոփոխ՝ Թեհրանը սատարում է այդ տարածաշրջանի հետ կապի ուղիների բացմանն ուղղված ցանկացած միջոց՝ հավատարիմ մնալով բոլոր երկրների ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքին։

Մեկնաբանելով երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանային երկրների միջև ճանապարհային և երկաթուղային կապուղիների զարգացման հայկական ծրագիրը՝ Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանը սատարում է ցանկացած նման ծրագրի, որը նա որակել է՝ որպես խաղաղության ամրապնդման և հարևան երկրների շահերի պաշտպանության արդյունավետ քայլ։

Ռաիսին Կովկասն անվանել է առանցքային տարածաշրջան, որտեղ պետք է խաղաղություն և հանգստություն հաստատվի՝ ասելով, որ Իսլամական Հանրապետության քաղաքականությունն այդ տարածաշրջանի նկատմամբ անփոփոխ է։ Նա նաև զգուշացրել է Փաշինյանին, որ պետք է թույլ չտալ, որ Կովկասը վերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտի` ընդգծելով, որ Կովկասի հետ կապված հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները և հեռու արտաքին միջամտությունից:

Իրանի նախագահը միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել Թեհրանի և Երևանի միջև աճող կապերի կապակցությամբ։ Իրանական հաղորդագրության համաձայն, Փաշինյանն իր հերթին նշել է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխգործակցության ակտիվացումը վկայում է այն մասին, որ երկու հարևանները հաստատակամ են ընդլայնել իրենց հարաբերությունները բոլոր ոլորտներում։

Հարցին, թե նման տոնայնությամբ հաղորդագրությունն ի՞նչ է նշանակում հայ-իրանական հարաբերություններում, իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168.am-ի հետ զրույցում պատասխանեց, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանում են բնականոն ուղղությամբ։

Նրա որակմամբ, լուրջ տարաձայնություններ երկկողմ հարաբերություններում դեռ չկան, բայց կարող են առաջանալ, քանի որ աշխարհաքաղաքական փոփոխությունները լուրջ փոփոխություններ են բերել Հարավային Կովկաս, մեծացրել Արևմուտքի ազդեցությունը թե Երևանի, թե Բաքվի նկատմամբ։

Սալամիի որակմամբ, սա չի կարող չարժանանալ Իրանի ուշադրությանը, հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք Իրանն ունի ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի հետ։ «Ենթադրելի է, որ Երևանից վստահեցնում են, որ զգուշանալու ոչինչ չկա, սակայն սա Իրանի քաղաքականությունն է, իսկ նման մակարդակում շփումները նաև դիրքորոշումներ հայտնելու համար է։ Այո, այս անգամ հաղորդագրությունը մի փոքր ավելի շեշտված է ներկայացվել, սակայն դա չի նշանակում, որ լարվածություն կա կողմերի միջև։

Սակայն կա խնդիր, և կարծես Իրանում ակնկալում են, որ ԻԻՀ դիրքորոշումը հաշվի կառնվի, և Հայաստանը շատ հարցերում հույսեր կկապի ոչ թե արևմտյան համայնքի, այլ ռեգիոնալ խաղացողների հետ, այս դեպքում՝ Իրանի ու Ռուսաստանի։ Հենց դա է պատճառը, որ նշվում է, թե քննարկվել է ռեգիոնալ ձևաչափը, որի գործունեությունը դեռ հստակ հաստատված չէ, սակայն այն կարող է արդյունավետ հարթակ դառնալ։

Իրանն այս հարցով ակնկալիքներ ունի Հայաստանից, հասկանալի է նաև, որ Հայաստանը փորձում է աջակցություն գտնել Արևմուտքում, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները վատ են, Ռուսաստանի հետ են առաջացել շատ խնդիրներ։ Ուստի Իրանը, որը նման դիրքորոշումներ է հայտնում, պետք է պատրաստ լինի այդ բացը լրացնել, քաղաքական բանակցությունները երկու երկրների միջև ավելի ինտենսիվ պետք է լինեն իրավիճակը լիովին գնահատելու համար։

Սակայն Միացյալ Նահանգներն այնքան ներգրավված է աշխատում Հարավային Կովկասում, որ մոտ ապագայում ԱՄՆ աշխատանքի պասիվացում չի սպասվում։ Միայն ընտրական փուլը կարող է ինչ-որ փոփոխություններ բերել»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նրա խոսքով, Հարավային Կովկասում իսկապես թեժ աշխարհաքաղաքական մրցակցային իրավիճակ արդեն իսկ ստեղծվել է։

«Ուստի մնում է այնպես անել, որպեսզի այս փուլը հաղթահարվի առանց երկկողմ հարաբերություններում կորուստների, քանի որ Հայաստանին Իրանն է հարկավոր՝ որպես գործընկեր, իսկ Իրանին՝ Հայաստանը»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս