Հաստատվեց Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղեկավարած հանձնաժողովների նիստերի աշխատակարգը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտարարեց, որ այսպիսով հաստատվում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի, ինչպես նաև Ադրբեջանի և ՀՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։

«Հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ են որոշվելու նիստերի անցկացման վայրն ու ժամը։ Նիստերը հաջորդաբար անցկացվելու են ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներում կամ սահմանին, կամ 3-րդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանձնաժողովի բոլոր մասնակիցների համար նիստի անցկացման երկրում կստեղծվեն համապատասխան պայմաններ և կապահովվի անվտանգությունը»,- ընդգծեց փոխնախարարը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ այս աշխատակարգը դեռևս տեխնիկական ու կազմակերպչական հարցեր է միայն կարգավորելու։

«Հաջորդ փուլում մշակելու ենք մեկ այլ կանոնակարգ, որն ավելի բովանդակային կլինի ու որով նաև մեթոդաբանությունն ենք նկարագրելու, սահմանելու, թե ինչ ենք հասկանում քարտեզ ասելով և ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ ասելով։ Այս մեթոդաբանությունը մշակելուց հետո աշխատանքները կշարունակենք կոնկրետ փաստաթղթերի ու տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով»,- նշեց փոխվարչապետը։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը ևս այսօր համարժեք որոշում է ընդունելու։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ առաջին անգամ սահմանազատման գործընթացը դրվում է ինստիտուցիոնալ հիմքի վրա։

«Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային»,– ընդգծեց նա։

Ըստ Փաշինյանի` այսպիսով հնարավորինս կակտիվանան սահմանազատման ուղղությամբ աշխատանքները այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արդեն իսկ հրապարակվել են։

Տեսանյութեր

Լրահոս