Եռաբլուրի դեպքով որևէ ոստիկան պատիժ չի կրել. Ալավերդիում ՔՊ-ն իշխանությունը զավթել է. Թագուհի Թովմասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի գնահատմամբ՝ Հայաստանում մարդու կարևորագույն ու հիմնարար իրավունքները ոտնահարվում են։ Իհարկե, բոլոր երկրներում են մարդու իրավունքները ոտնահարվում, բայց շատ կարևոր է, թե պետությունն ինչ կամք է ցուցաբերում պայքարելու դրա դեմ։ Հենց այստեղ է, որ Հայաստանն ունի լրջագույն խնդիրներ։
Այս համատեքստում Թագուհի Թովմասյանը հիշատակեց ընդամենը մի քանի դեպք, որոնք մարդու իրավունքների կոպտագույն խախտում են, և դրանք վերականգնելու համար իշխանությունը որևէ բան չի արել։ Սա էլ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ արդարադատությունը պիտի լինի միշտ, առանց խտրական վերաբերմունքի։
«2022 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ կիրառվեց դաժան, անմարդկային, նսեմացուցիչ վերաբերմունք, նրանց բերման ենթարկեցին՝ խախտելով մի շարք հիմնարար իրավունքներ։ Օրերս տեղեկացանք, որ մեկ տարուց ավելի տեղի ունեցած քննության արդյունքում որևէ ոստիկանի գործողություններում հանցակազմ չի եղել, և այդ գործը կարճվել է, որևէ ոստիկան չի պատժվել։ Կարծում եմ՝ հատկապես զոհված զինծառայողների նկատմամբ նման վերաբերմունքը պետք է արժանարար ավելի մեծ իրավական գնահատականի, եթե չասեմ՝ պարսավանքի։ Սրան զուգահեռ՝ տեսնում ենք, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, նաև Հակոբ Ասլանյանը, երբ գնացին Եռաբլուր, վիճաբանել էին ծնողների հետ, Հովիկ Աղազարյանը նրանց հայհոյել էր, ի պատասխան ստացել էր ապտակ։ Այդ ամենի արդյունքում պատժվեց ծնողը՝ կալանքի ձևով»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
Ըստ պատգամավորի «ժողովորդավարության բաստիոն» կոչվող Հայաստանում քաղաքացիների քվեն ոչինչ չարժե Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, որովհետև ընտրության արդյունքների հետ ՔՊ-ն ուղղակի չի հաշտվում։
«ՏԻՄ-երում ընտրություններ են կազմակերպում, սակայն այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվում է, անմիջապես ձեռնամուխ են լինում բոլոր հնարավոր մեթոդներով, որպեսզի քաղաքացու ձայնը լսելի չդառնա։ Այսինքն՝ քաղաքացու ընտրությունը ոչ մի բան է այս իշխանության համար։ Վերջին աղմկահարույց դեպքը Ալավերդիում տեղի ունեցածն էր, երբ ուղղակի բռնությամբ զավթվեց իշխանությունը, ճնշումներ գործադրելով ընդդիմադիր ներկայացուցչի նկատմամբ, դրան ներգրավվեց նաև ԱԺ իշխանական պատգամավորը, որ խոսում էր ինչ-որ ժողովրդավարությունից»,- շեշտեց Թագուհի Թովմասյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կարմիր բերետավորները բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներին։ Նրանք գիշերել էին Եռաբլուրում, որպեսզի առավոտյան թույլ չտային Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, քանի որ իրենց որդիների զոհվելու մեջ մեղադրում են հենց նրան։
Մինչ Նիկոլ Փաշինյանի ժամանումը, ոստիկանները փորձել էին ծնողներին մի կողմ տանել և բացել ճանապարհը, երբ ծնողները փորձել էին դուրս չգալ ճանապարհից, ոստիկանները նրանց քաշելով, ոտքերից ու ձեռքերից բռնելով՝ բերման էին ենթարկել։ Դեպքի առնչությամբ որևէ ոստիկան չի պատժվել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում