Լույս է տեսել Էդուարդ Մարկարովի «Ֆուտբոլը ժպիտով» կենսագրական գիրքը
Լույս է տեսել «Արարատ-73»-ի լեգենդ, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի առաջին մարզիչ, ներկայումս «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի Ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն Էդուարդ Մարկարովի «Ֆուտբոլը ժպիտով» կենսագրական գիրքը:
Գրքի շնորհանդեսին ներկա էին «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներից շատերը, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Մարկարովի նախկին սաները, Երևանի «Ուրարտու»-ի ներկայիս ֆուտբոլիստները և այլոք:
«Միակը չեմ այդ սերնդից, այստեղ նստածներից շատերն են եղել այդ ոսկե սերնդի ներկայացուցիչները: «Արարատ-73»-ը ֆուտբոլի դասական օրինակ է: 1971 թվականին, երբ ես միացա թիմին, ակումբում արդեն կային լուրջ և կայացած ֆուտբոլիստներ»,-ասաց Էդուարդ Մարկարովը:
«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստին բացառիկ տեխնիկայով օժտված որակեց ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն, ով առանձնացրեց. «Էդուարդ Մարկարովի և Նիկիտա Սիմոնյանի ներկայությունն իր նշանակալից դերը խաղաց 1973 թվականի «Արարատ»-ում»:
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանն առանձնացրեց` Մարկարովի մեծությունը որպես ֆուտբոլիստի` անչափելի է:
«Այս տարում ամենակարևոր գործերից մեկը, որն արել է մեր ակումբն, չնայած նրան, որ դարձանք երկրի չեմպիոն և գավաթակիր, այն է, որ օգնեցինք` լույս տեսնի այս գիրքը: Պարտավորենք ենք հարգանքով վերաբերել Մարկարովի նման մեծությանը»,-ասաց Չելոյանը:
Ռուսերեն տպագրված գիրքը լույս է տեսել Մոսկվայում: