Իշխանությունները զիջել են՝ Րաֆֆի Հովհաննիսյանին տալով պատվավոր երկրորդ տեղը, դրանից ավելի զիջումներ չեն լինի

Նախագահի ընտրությունները փետրվարի 18-ին, ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո վերջացել են։ Ըստ «Ա1+»-ի՝ կարծում է Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

«Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարի, Սահմանադրական դատարան դիմի, հանրահավաքներ անի, թե մամուլի ասուլիսներ, դա նախագահական ընտրությունների արդյունքների վրա չի կարող ազդել»,- «Ա1+»-ին ասել է Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը։

Անդրադառնալով երկկողմանի զիջումների գնալու մասին հարցին՝ պարոն Բադալյանը նշել է, որ զիջում են նրան, կամ այն ուժին, ով ուժեղ է։

«Հովհաննիսյանի հանրահավաքներին հավաքվում են երեք կամ չորս հազար մարդ, իսկ դրսի ուժերը, թե Արևմուտքից միանշանակ ճանաչել են Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու հանգամանքը։ Կարելի է ասել իշխանությունները նրան զիջել են, երբ ընտրություններում տվել են պատվավոր երկրորդ տեղը, դրանից ավելի զիջումներ չեն լինի։ ԱԺ նախագահն էլ հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով են ուզում ստեղծել և կարող են առաջարկել այդ պաշտոնը Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ավելացրել է նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետի, շատ սահուն կերպով նախագահի ընտրությունների ժամանակ ստացած ձայները ցանկանում է տանել դեպի Երևանի ավագանու ընտրություններ՝ ավագանու կազմում բավական ազդեցիկ խմբակցություն ունենալու համար։

«Կարծում եմ, որ այդ ամենը չի իրականանա այն պարզ պատճառով, որ եթե նախագահի ընտրություններին ՀԱԿ-ը ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չմասնակցեցին, ապա հիմա ԲՀԿ-ն անելու է ամեն ինչ, որպեսզի Երևանում հաջողության հասնի։ Իսկ այն ձայները, որոնք նախագահի ընտրությունների ժամանակ անցել են Րաֆֆի Հովհաննիսյանին, այս անգամ կանցնեն ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին»,- եզրափակել է նա։

Տեսանյութեր

Լրահոս