Խուլիո Իգլեսիաս. «Ես կորցրել եմ ժամանակ, իսկ ամենամեծ ձեռքբերումը կլինի ժամանակին մահանալը»
Մարտի 18-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի համերգը, որին ընդառաջ այսօր կազմակերպվել էր մամուլի ասուլիս:
«Սա իմ առաջին այցն է Հայաստան, բայց այս այցը չէ, որ ինձ պիտի ստիպի ճանաչել Հայաստանը: 1000-2000 տարի է, ինչ իմ հոգու երկիրը` Իսպանիան, մեծ կապ ունի Հայաստանի հետ: Վերջին 45 տարվա ընթացքում ճանաչել ենք հազարավոր-հազարավոր հայերի, որոնք իրենց մշակույթն են փոխանցում ամբողջ աշխարհին: Այդ իսկ պատճառով իմ այցը ոչ թե օտար մարդու այց էր Հայաստան, այլ հարազատ ընկերոջ: Ես երբեք չեմ երգում մի վայրում, որն ինձ դուր չգա»,- ասաց Խուլիո Իգլեսիասը:
«Առաջին տպավորությունը, որ ստացել եմ Հայաստանից այն է, թե ինչպիսի հաճելի մարդիկ են հայերը: Երբ երեկ Մոսկվայից ինձ ճանապարհեցին, ինձ ասացին` այժմ դու գնում ես մի տաք երկիր, բայց ոչ այն պատճառով, որ այնտեղ լավ եղանակ է, այլ որովհետև այնտեղ ժողովուրդն ավելի մեծ ջերմությամբ կընդունի: Թեև երբևիցե չեմ եղել Հայաստանում, բայց բոլոր այն մարդկանց միջոցով, որոնց ճանաչում եմ, շատ լավ եմ ճանաչում Հայաստանը: Այս երկրի մարդկանց հայացքներն ինձ մի փոքր մելանխոլիկ բան է հիշեցնում: Եվ սա շատ հաճելի է, որովհետև մելանխոլիկությունը խոցելիության քույրն է համարվում, իսկ երբ անձը խոցելի է, դա նշանակում է, որ անձն ունի հերոսական վերաբերմունք»,- ասաց երգիչը:
Նրա խոսքով`իրեն շատ տարիներ չեն մնացել ապրելու և մեծ հաճույքով է երգելու Հայաստանում: «Շառլ Ազնավուրն իմ երկար տարիների ընկերն է, ես նրա հետ եմ մեծացել, և 30-40-50 անգամ եմ երգել նրա հետ միասին»,- ընդգծեց երգիչը, ով Շառլ Ազնավուրին համարեց իր եղբայրը:
Երգիչը նշեց, որ ինքն արդեն հետաքրքրվել է, թե հայերեն ի՞նչ երգ է կատարելու իր համերգին, որը սիրված է հայերի համար:
Հարցին, թե ի՞նչ է կյանքն իր համար, նա պատասխանեց. «Երբեմն մարդիկ մտածում են, որ մենք բոլորս մեծ երազողներ ենք, բայց իրականությունը սա չէ: Իրականությունն այն է, որ մենք նախընտրում ենք, որ ուրիշները երազեն, քան մենք: Այսինքն` կարողանանք ուրիշներին ստիպել երազել»:
Երգիչը նշեց նաև իր համերգային շրջագայությունների մասին` ասելով, որ ինքը հայաստանյան համերգից առաջ համերգներ է ունեցել Ուկրաինայում, Ռուսաստանում, իսկ հայաստանյան համերգից 3 օր հետո` համրգենր կունենա Դուբայում, այնուհետ՝ Շանհայում, Կորեայում…
Ըստ երգչի` հոգին ազգություն չունի:
Ինչ վերաբերում է երազանքներին, նա ասաց, թե ինքը երազանքների մարդ չէ, և 17-18 տարեկանում ինքը, կարծես, վերածնվեց ու դրանից հետո ինքը նայում է միայն իրական կյանքին և ապրում է միայն իրական կյանքով: Իր խոսքով` ինքը նպատականեր է դնում իր առջև և հասնում այդ նպատակների իրագործմանը:
168.am-ի հարցին, թե ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ամենամեծ կորուստը, երգիչը պատասխանեց. «Կորուստն այն է, որ ես կորցրել եմ ժամանակ, իսկ ամենամեծ ձեռքբերումը կլինի ժամանակին մահանալը»:
Լուսանկարները՝ Գոհար Արամյանի