Հայաստանը գիտակցում է իր հոգևոր յուրօրինակության պահպանման կարևորությունը․ Ռուսաստանում Հայաստանի դեսպան
Հայաստանը, որպես դարավոր մշակույթ ունեցող երկիր, գիտակցում է իր մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը Սանկտ Պետերբուրգի Միացյալ մշակույթների համաժողովի շրջանակներում ՌԴ մշակույթի նախարարության ղեկավար Օլգա Լյուբիմովայի հետ քննարկման ընթացքում։
Դեսպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ներկա դժվարին ժամանակաշրջանում երկրի և ժողովրդի մշակութային ինքնիշխանության պահպանումը յուրաքանչյուր պետության գլխավոր խնդիրն ու պարտականությունն է՝ նշելով, որ առավել սուր է դրվում արժեքների հարցը մարդկության կայուն զարգացման համար։
«Այսօր մեզ բոլորիս՝ այս նշանակալից համաժողովի մասնակիցներիս համար ակնհայտ է, որ հենց մշակույթն է ունակ օգնելու մարդկությանը հաղթահարել նոր ժամանակների մարտահրավերները` մեր արժեքների միավորումը սահմանելով որպես համաշխարհային վերափոխումների կայուն զարգացման բարձրագույն դրսևորում», – նշել է Հարությունյանը։
Մշակույթը, շարունակել է նա, այն ինստիտուտն է, որը կերտում է մարդուն, քաղաքացուն, հասարակությանն ու ազգին։
«Մշակութային ինքնիշխանության պահպանումը ցանկացած ազգի պետականության հիմքն է: Հայաստանը, որպես դարավոր մշակույթ ունեցող երկիր, գիտակցում է իր մշակութային ժառանգության և հոգևոր յուրօրինակության պահպանման կարևորությունը», – հավելել է դեսպանը։
Հարությունյանը վստահություն է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգի համաժողովը ոչ միայն կմիավորի բոլոր երկրներին՝ իրենց եզակի ժառանգությամբ և յուրօրինակությամբ, այլև «կստեղծի համաշխարհային հարթակի նախադեպ, որտեղ մշակույթների ինքնիշխանությունը միավորվում է մեկ միասնական դաշտում»։
Սանկտ Պետերբուրգի IX միջազգային մշակութային համաժողովը՝ Միացյալ մշակույթների համաժողովը, տեղի է ունենում նոյեմբերի 16-ից մինչև 18-ը: Միջոցառման կազմակերպիչներն են ՌԴ կառավարությունը և Մշակույթի նախարարությունը, Սանկտ Պետերբուրգի իշխանությունները և Պետական Էրմիտաժը: