ԱՀԿ-ն հայտնել է 2022 թվականին կարմրուկից աշխարհում մահացության կտրուկ աճի մասին

2022 թվականին կարմրուկով հիվանդացությունը 2021 թվականի համեմատությամբ աճել է 18 %-ով, իսկ մահացությունը՝ 43 %-ով։ Այդ հիվանդության մասշտաբային բռնկումներ են տեղի ունեցել 37 երկրներում։ Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ) զեկույցում:

«2022 թվականին, կարմրուկի դեմ պատվաստումների իրականացման մի քանի տարվա նվազումից հետո, հիվանդացածների թիվը 2021 թվականի համեմատությամբ աճել է 18 %-ով, իսկ վարակից մահացությունների թիվը՝ 43 %-ով», – նշել են կազմակերպությունները։

Փորձագետները հիվանդների թիվը գնահատում են 9 միլիոն, իսկ մահացածներինը՝ 136 հազար, ընդ որում՝ մեծամասնությունը կազմում են երեխաները։ Լայնածավալ բռնկումներ են գրանցվել 37 պետություններում, ինչն զգալիորեն ավելի է, քան 2021 թվականին. այն ժամանակ հիվանդության բռնկումներ են տեղի ունեցել 21 երկրներում։

Իրավիճակն առանձնապես սրվել է 2022 թվականին Աֆրիկայում, որտեղ կարմրուկի բռնկման մասին հայտնել է 28 երկիր։ Հիվանդությունը տարածվել է նաև Արևելամիջերկրածովյան տարածաշրջանի 6, Հարավարևելյան Ասիայի 2 և Եվրոպայի 1 երկրում։

Ըստ ԱՄՆ ՀՎԿԿ-ի Համաշխարհային իմունիզացիայի վարչության տնօրենի՝ կարմրուկի բռնկումը և մահվան դեպքերը ցնցող են, սակայն, «ցավոք, ոչ անսպասելի»՝ հաշվի առնելով պատվաստման տեմպերի նվազումը։

Թեև 2021 թվականի համեմատությամբ աշխարհում պատվաստումների քանակը փոքր-ինչ աճել է, այդուհանդերձ, գրեթե 22 միլիոն երեխա չի ստացել պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ 11 միլիոնը՝ երկրորդը: Ըստ զեկույցի՝ երկու դեղաչափով պատվաստվածների թիվը կազմում է 74 %, սակայն բնակչությանը կարմրուկի բռնկումներից պաշտպանելու համար անհրաժեշտ է, որ այդ ցուցանիշը լինի 95 %։

Կարմրուկն ամենավարակիչ վիրուսային հիվանդություններից է։ Այն համարվում է մանկական հիվանդություն, սակայն դրանով վարակվում են նաև մեծահասակները: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկը վտանգավոր է այնպիսի բարդությունների պատճառով, ինչպիսիք են միջին ականջի բորբոքումը, մենինգիտը և էնցեֆալիտը: Դա կարող է հանգեցնել մահվան:

Տեսանյութեր

Լրահոս