Կոտայքի մարզում բախվել են BMW-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 09:20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են 26-ամյա Ահարոն Մելիքյանի վարած BMW մակնիշի և 51-ամյա Արշավիր Պողոսյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել է և մասամբ հարվածել «Max Oil» բենզալցակայանի սյանն ու գովազդային վահանակին: Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ապա՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնություն են ստացել, այնուհետև տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ էլ պարզվելու է վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։