«Վագիֆ Խաչատրյանին առևանգելու և դատելու դեպքը Փաշինյանի համար կարծես գոյություն չունի, այդ մարդու ճակատագիրը նրան չի հետաքրքրում». Լարիսա Ալավերդյան

Նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը հրապարակեց Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելու մասին իր որոշումը։ Ազատազրկման առաջին 5 տարին Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում,  մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Դատարանում Վագիֆ Խաչատրյանն իր վերջին խոսքում ասել է, որ անմեղ է։

«Ես էնտեղ չեմ մասնակցել, չեմ եղել էնտեղ։ Ես կարող եմ ցուցմունքներ տալ, որ այդ մարդիկ ինձ այնտեղ չեն տեսել, ես էդ մարդը չեմ, որ այնտեղ լինեի»,- ասել է Վ. Խաչատրյանը և առաջարկել է իրեն հարցաքննել նաև ստի դետեկտորով, որ պարզվի իր խոսքերի ճշմարտացիությունը։ Բայց Բաքվի դատարանը հաշվի չէր առել Վագիֆ Խաչատրյանի խնդրանք-միջնորդությունը:

Ինչպե՞ս է հնարավոր վիճարկել Բաքվի դատարանի որոշումը, որպեսզի անմեղ մարդը 15 տարի չմնա ադրբեջանական գերության մեջ, ինչո՞ւ ՀՀ իշխանությունը միջազգային հարթակներում մշտապես չի խոսում Բաքվում պահվող գերեվարված ու առևանգված հայերի մասին։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի մեկնաբանությամբ՝ Վագիֆ Խաչատրյանի և մյուս հայերի դատավարական գործընթացները ցույց տվեցին, որ այն, ինչ անում է Ադրբեջանը, հակադրվում է միջազգային իրավունքի նորմերին։

«Այս դեպքում Ադրբեջանը հեռահար նպատակներ ունի, փաստորեն ոչ միայն զուտ Վագիֆ Խաչատրյանին է դատում, այլև նախադեպ է ստեղծում, որով ցանկացած պահի, երբ որևէ մեկին թիրախավորի ու հարմար համարի՝ կարող է դատել, որովհետև նրանք մասնակցել են ազգային-ազատագրական պայքարի կամ ինքնորոշման իրավունքի հաստատման ու պահպանման պայքարին։ Այնպես չէ, որ նրանք Վագիֆ Խաչատրյանին տեսնում են՝ որպես ամենամեղավորը։

ՀՀ իշխանությունը, հանձին Նիկոլ Փաշինյանի, չհիշեցին Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանին։ Երբ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո միջազգային կառույցում նրան ծափահարում են, ծափահարում են այն պատճառով, որ նա ամբողջովին շրջանցում է բոլոր ցավոտ կողմերը։ Նա միայն զեկուցում է, թե ինչ լավ է  կատարում գլոբալիստական ինչ-ինչ կենտրոնների պատվերները կամ հրամանները, իր երկրի շահերին հակառակ։ Ի վերջո, ՀՀ իշխանությունը կարո՞ղ էր որևէ բան անել»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ Լարիսա Ալավերդյանի, Ադրբեջանն օրենք ունի, ըստ որի՝ այլ երկրի դատապաշտպան չի կարող Ադրբեջանում պաշտպանել որևէ մեկի իրավունքները։ Եվ այստեղ զարմանալին այն է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները երբեք չեն անդրադարձել դրան՝ որպես հակադեմոկրատական օրենքի։

«Այդուհանդերձ, Հայաստանը չէ՞ր կարող դիմել միջազգային կազմակերպություններին, որպեսզի գային, մոնիտորինգ անեին, նկարագրեին և այլն, իհարկե կարող էին։ Արդյոք Հայաստանը չէ՞ր կարող դիմել և էքստրադիցիա պահանջեր, կանեին, թե չէին անի՝ այլ հարց է, բայց ԱՊՀ երկրների շրջանակներում կա դրա մասին կոնվենցիա։ Եթե չի արվել էքստրադիացիա, որը պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ դատարանի վճիռը տեղի չէր ունեցել։ Հիմա, երբ կա դատարանի վճիռը, չէի՞ն կարող դիմել ու այդ մարդուն տեղափոխել իր քաղաքացիության երկիր՝ Հայաստան։ Վագիֆ Խաչատրյանը ՀՀ անձնագիր է կրում։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ արցախցիների անձնագիրը ՀՀ անձնագիր չէ, դրանով իրեն դուրս չի դնում այս ամենից։ Կարծում եմ, ՀՀ իշխանության կեցվածքն ու անգործությունն աննախադեպ է։

Նիկոլ Փաշինյանի համար կարծես թե Վագիֆ Խաչատրյանին առևանգելու և դատելու դեպքը գոյություն չունի, այդ մարդու ճակատագիրը նրան չի հետաքրքրում, կա՛մ չգիտի, կա՛մ չի հիշում»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ոստիկանությունը Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց հետո նրան տարել էր անհայտ ուղղությամբ՝ արգելելով, որպեսզի Կարմիր խաչի որևէ ներկայացուցիչ կամ նրա դուստրը, որ ուղեկցում էր հորը, գնան նրա հետ: Կարմիր խաչի ներկայացուցչի նկատմամբ, որ փորձել էր խոչընդոտել Խաչատրյանին  ապօրինաբար տեղափոխել՝ ադրբեջանցիները ուժ են գործադրել և սպառնացել։

Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց հետո Ադրբեջանը սկսեց անհեթեթ մեղադրանքներ առաջադրել նրան, թե իբր նա զինվորական է եղել, 90-ականներին ադրբեջանցիների դեմ «հանցագործություններ» է կատարել։

Տեսանյութեր

Լրահոս