ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք առաջիկա օրերին հնարավորություն կունենան հաշվառվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում
Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք հնարավորություն կունենան հաշվառում իրականացնել արդեն Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում, ինչը հնարավորություն կտա նրանց օգտվել գործարքների ավելի լայն շրջանակից։
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները դրա շնորհիվ կկարողանան հաշվառել իրենց ավտոմեքենաները, ստանալ վարորդական վկայականներ և այլն։
«Փաստեմ նաև, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձինք, ըստ էության, օգտվում են փախստականների միևնույն իրավունքներից և ունեն միևնույն պարտականությունները, որոնք ունեն փախստականները միջազգային ասպարեզում, և, որոնք ամրագրված են նաև ՀՀ օրենսդրությամբ»,-հավելել է Սարգսյանը՝ շեշտելով, որ կառավարության որոշումը հստակ կանոնակարգել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման հետ կապված հարցերը։
Նրա խոսքով՝ այդ առումով կարևորվել է այն հանգամանքը, որ հնարավորին անխոչընդոտ իրականացվի նրանց անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը և նաև թույլատրվի որպեսզի ավելի ճկուն համակարգով կատարեն իրենց գործարքները։
«Ըստ այդմ՝ կառավարությունը անձը հաստատող երկու տեսակի փաստաթուղթ է ամրագրել իր որոշման շրջանակներում։ Առաջինը քաջ հայտնի կապույտ անձնագրերն են՝ 070 կոդով, հատուկ համարանիշով են հատկացվել մեր հայրենակիցներին, և երկրորդ փաստաթուղթն, ըստ էության, ժամանակավոր պաշտպանության մասին հավաստող, փախստականի կարգավիճակի մասին վկայականն է։ Նշեմ, որ ներպետական մակարդակում երկու փաստաթղթերն էլ ազատորեն կարող են կիրառել մեր հայրենակիցները՝ տարբեր գործարքներ կատարելիս»,-ներկայացրել է ՆԳՆ նախարարի տեղակալը՝ շեշտելով՝ կառավարության որոշումը նախատեսում է 3 ամիս հետո ուժի մեջ մտնող դրույթ առ այն, որ ՀՀ տարածքից դուրս գալիս՝ այս երկու փաստաթղթերը պետք է միաժամանակ լինեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մոտ։