«Արցախը հայաթափած ու Ադրբեջանին հանձնած իշխանություններն աջակցության ծրագրերը ծառայեցնում են իրենց PR-ին». Սեյրան Օհանյան

«Հոկտեմբերի 27-ը մեծ հարված էր մեր պետականությանը, քանի որ մեր ազգային- պետական գործիչները պետականության կերտման սկզբնափուլում մեծ ավանդ են ունեցել ու զարգացրել են մեր պետության բոլոր ճյուղերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Առկա իրավիճակի ֆոնին, պատգամավորը մեծ է համարում հավանականությունը, որ տեղի ունեցածը թուրք-ադրբեջանական հետք ունի, ինչն էլ, ըստ նրա, հանգեցրեց նաև Արցախի հայաթափմանն ու Հայաստանի վրա ճնշումների ավելացմանը:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների կողմից՝ իրենց պարգևավճարներն արցախահայությանը տրամադրելու որոշմանը՝ ասելով, որ իրենք նույնպես այդ գումարները կուղղեն Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծմանը: Նա վստահեցրեց, որ իրենց դաշինքի քաղաքական ուժերն ու անհատ պատգամավորները նախկինում ևս աջակցել են Արցախից ՀՀ տեղափոխվածներին:

«Դա շատ տեսանելի չէ, քանի որ մենք դա չենք անում PR-ի համար: Ավելին ասեմ, ներկա իշխանություններն են հենց այդ գործողություններով փորձում իրենց PR-ն անել: Ընդ որում, իրենք այդ գումարներն իրենց գրպանից չէ, որ հատկացնում են: Դրանք մեր հայրենակիցների հարկերից ձևավորված գումարներն են…  բայց իրե՛նք են, որ հայաթափել են Արցախն ու հանձնել Ադրբեջանին, այնինչ, իրենց բոլոր ծրագրերում ու ՀՀ անվտանգության ռազմավարությունում Արցախի ինքնորոշումը, բնակչության անվտանգության ապահովումը, Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր լինելն առաջնային տեղ էր գրավում, ինչն իրենք չեն կատարել»,- ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարարը՝ բարձրացնելով նաև զինվորականների կողմից կենսաթոշակ չստանալու խնդիրը:

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս